Ադրբեջանն ունի սին պատրանքներ, թե իբր կարող է օգտագործել իր էներգետիկ հնարավորությունները` ընկերներ գնելու, ովքեր աչք կփակեն այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` սլովենական «Delo» օրաթերթում հրապարակված հարցազրույցում:
«Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունենում: Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ եվրոպական և ոչ միայն, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող վիճակը: Համաշխարհային ԶԼՄ-ները բնութագրում են Ադրբեջանին` որպես բռնապետական երկիր, նշում են այդ երկրում առկա լուրջ իրավախախտումների մասին: Դրանով հանդերձ ոչ ոք չի հերքում, որ Ադրբեջանն ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ: Այսինքն այն պատրանքը, թե հնարավոր է օգտագործել էներգետիկ ռեսուրսները ևս ինչ-որ բանի համար, շրջվել է հենց Ադրբեջանի դեմ», - ասել է հայկական դիվանագիտության ղեկավարը:
Անդրադառնալով պարբերականի թղթակցի այն դիտողությանը, թե` ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են Բաքու և լավ հարաբերություններ ունեն Իլհամ Ալիևի հետ, իսկ ԵՄ գազի շուրջ Ադրբեջանի հետ համագործակցության ծրագրեր ունի, Նալբանդյանը հիշեցրել է, որ եղել են ժամանակներ, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Լիբիա, հանդիպել են Քադաֆիի հետ, այցելել են Իրաք, հանդիպել Սադդամ Հուսեյնի հետ: «Մենք գիտենք, թե ինչպես այդ ամենն ավարտվեց», - ամփոփել է նախարարը: