Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` սլովենական «Delo» օրաթերթում հրապարակված հարցազրույցում:
Նրա ասելով, 2015 թվականին ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, և կարելի է ասել, ամբողջ աշխարհում ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչումը տեղի է ունենալու չորս հիմնական ուղղություններով:
«Առաջին` հարգանքի տուրք է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց Ցեղասպանության զոհերին: Երկրորդ` մեր երախտիքի խոսքն է բոլոր նրանց, ովքեր ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` մեր համար ծանր փորձությունների պահերին: Իսկ այդպիսի երկրները, ժողովուրդները շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքը ասելու», - նշել է արտգործնախարարը:
Նրա ասելով, երրորդ ուղղությունը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերն են: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության համար:
«Եթե Առաջին համաշխարհային պատերազի շղարշի տակ քողարկված մարդկության դեմ հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա, միգուցե, հնարավոր կլիներ կանխարգել մարդկության դեմ հետագա` այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները», - ընդգծել է դիվանագետը:
Նրա ասելով, չորրորոդ ուղղությունը`վերածնունդն է: Նալբանդյանը նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: «Մենք կարողացանք վերականգնել մեր անկախ պետականությունը, զարգացնել մեր մշակույթը և գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը ստեղծեցին իրենց օջախները աշխարհի շատ երկրներում և իրենց ներդրումն ունեցան ու շարունակում են ունենալ այդ երկրների զարգացմանը: Մենք, միջազգային հանրության հետ համատեղ, ոգեկոչելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը` «Այլևս երբե՛ք» կարգախոսով», - ամփոփել է դիվանագետը: