ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սուր քննադատության է ենթարկել ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ընդունեց մի որոշում, որի համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պետք է կազմի 30 մլրդ. դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Հ.Բագրատյանը նշել է, որ Կենտրոնական բանկի գործողություններն իրականում խոչընդոտում են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
«Ռուսաստանում բանկ բացելու համար ահրաժեշտ է ունենալ 4 մլն.դոլար, իսկ Հայաստանում` 60 մլն.դոլար: Ինչպե՞ս կարելի է նման պայմաններում զարգացնել բիզնեսը: ԿԲ միտումնավոր կերպով խոչընդոտում է փոքր բանկերի բացմանը: Կան նորմատիվներ, կան նաև համարժեքության հասկացություն: Վարկավորման ծավալներն ավելանում են – ավելանում է նաև կապիտալը: Ինչո՞ւ բանկերին դուրս մղել շուկայից, առանց աշխատանքի թողնելով հարյուրավոր աշխատակիցների»,-նշել է նախկին վարչապետը:
Նրա խոսքով, ԿԲ որոշումն արդեն անդրադարձավ տնտեսության հունվարյան աճի վրա, իսկ այդ աճերը դրական ոչ մի բան չեն խոստանում:
Հիշեցնենք, որ հունվարը ոչ միայն 2015 թվականին է աչքի ընկել տնտեսական անկումով: Նախորդ տարիներին նույնպես այդ ամսում տնտեսական աճի դինամիկան եղել է բացասական:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բանկային համակարգում գործող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից, 2014 թվականի դեկտեմբերի 30-ին, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորման և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին» Կանոնակարգ 2-ում: Փորձագետները նշում են, որ 2017 թվականից բանկերի ընդանուր կապիտալի նվազագոյն նորմատիվի բարձրացումն էլ ավելի կարագացնի միաձուլման և կուլ գնալու (Mergers and Acquisitions, M&A) գործընթացները, խոշորացնելով շուկայի մասնակիցներին: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դա կապահովի կապիտալի մասշտաբի դրական արդյունք, նպաստելով բանկային ավելի որակյալ ու մատչելի սպասարկմանը, ինչպես նաև առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը: Բացի այդ, կբարձրանա բանկային գործունեության արդյունավետությունը և կամրապնդվի կայունությունը: Արդյունքում, կձևավորվի նոր տեխնոլոգիաների ու պրոդուկտների ներդրման բարենպաստ միջավայր, ինչը կբարձրացնի կապիտալի միջազգային շուկային հայկական բանկերի ներգրավվածությունը: Կբարձրանա նաև բանկային համակարգի ճկունությունը և զանազան ցնցումներին դիմակայելու ունակությունը, խորացնելով նաև ֆինանսական միջնորդությունը: