Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բնապահպանական մասնագետը բարձր է գնահատել Գեոթիմ ընկերության ընթացիկ վերականգնողական աշխատանքները Ամուլսարում, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշվում է, որ ընթացիկ վերականգնողական և բնապահպանական միջոցառումները պատասխանատու հանքարդյունաբերական ծրագրի կարևորագույն մասն են: Հավատարիմ լինելով Ամուլսարի ծրագիրը միջազգային ամենաբարձր չափանիշներով իրականացնելու և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պահանջներին համապատասխանելու պարտավորությանը, ընկերությունը Ամուլսարում իրականացնում է ընթացիկ վերականգնողական աշխատանքներ:
Այն տարածքները, որոնք հետագայում այլևս չեն օգտագործվելու հանքի շահագործման, ենթակառուցվածքների տեղադրման և այլ տեխնիկական նպատակներով, բայց օգտագործվել են որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում, արդեն այսօր վերականգնվում են և վերակուլտիվացվում:
2013թ. սեպտեմբերի 3-ին վերականգնման աշխատանքների վերահսկման նպատակով Ամուլսար այցելած ՎԶԵԲ բնապահպանական մասնագետը եզրակացրել է, որ Լիդիանը և Գեոթիմը հսկայական ջանք են գործադրել որոնողահետախուզական աշխատանքների հետևանքով փոփոխության ենթարկված տեղանքը վերականգնելու և վերակուլտիվացնելու ուղղությամբ: Վերականգնվել են այն տեղանքները, որտեղ նախկինում բացվել են ճանապարհներ, կամ արվել են հորատանցքեր, որոնք այլևս չեն օգտագործվելու: ՎԶԵԲ մասնագետը նաև ընդգծել է, որ Լիդիանը զգալիորեն բարելավել է ջրահեռացումը ճանապարհներից և հետագայում օգտագործվելիք այլ տեղանքներից, ինչը կանխարգելում է ձնհալի և անձրևաջրերի պատճառով էրոզիայի վտանգը: Դրական է գնահատվել հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքների մեծ մասը իրականացվում է շրջակա համայնքներում բնակվող աշխատակիցների կողմից, որոնք զբաղված են ամենատարբեր վերականգնողական աշխատանքներում, այդ թվում և աշխատում են ծանր տեխնիկայի վրա: Բացի վերականգնողական և վերակուլտիվացիոն աշխատանքներից, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ընդգծել է նաև աղբի և կենցաղային թափոնների կառավարման կարևորությունը, որ Գեոթիմն իրականացնում է միջազգային լավագույն չափանիշներով: Խոսքը մասնավորապես պլաստիկի, մետաղի, ապակու և թղթի տարանջատման մասին է, դրանք հնարավորինս շատ օգտագործելու և վերամշակելու նպատակով: ՎԶԵԲ ներկայացուցիչը հայտնել է, որ տպավորված է արված աշխատանքներով և այն հանգամանքով, որ ավելի քան 35 աշխատակից զբաղված է միայն վերականգնողական և բնապահպանական աշխատանքներով:
Գեոթիմն 2006 թվականից Ամուլսարում իրականացնում է լայնամասշտաբ գեոլոգիական-հետախուզական աշխատանքներ: Սա ոսկու միակ հանքավայր է Հայաստանում, որը գտնվել է Խորհրդային Միության փլուզումից հետո: Գեոթիմի միակ բաժնետերն է Lydian International-ը: EBRD Lydian International-ի բաժնետեր դարձավ 2009 թվականին և 2012 թվականի մարտի 21-ին իր մասնաբաժինը հասցրեց 6.80%-ի, իսկ բաժնետոմսերի 10.23%-ը պատկանում է Միջազգային ֆինանսական կորպորացիային ¥IFC¤, որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի խմբի անդամ: