Հայաստանը ցանկություն ունի դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։
Նշենք, որ համագործակցության Շանհայի կազմակերպության մասնակից երկրների`սեպտեմբերի 13 Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովում, էկոնոմիկայի և անվտանգության խնդիրներից բացի, կքննարկվի ՀՇԿ-ին նոր երկրների անդամակցման հարցը: Այսպիսով, մոտ ժամանակներս ՀՇԿ-ն կընդլայնի իր սահմանները, և, հնարավոր է, կկարողանա ավելի ծանրակշիռ դեր խաղալ պատասխանատվության նոր գոտիներում տարածաշրջանային անվտանգության հարցեր լուծելիս: Համագործակցության շանհայան կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից: Բացառությամբ Ուզբեկստանի, մնացած երկրները հանդիսացել են ՙՇանհայյան հնգյակի՚ մասնակիցներ: