Վալերի Պերմյակովի նկատմամբ կկայացվի առավելագույնս խիստ դատավճիռ: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նա ընդսմին կարծում է, որ զինվորին չի կարելի հանձնել, քանի որ առաջին հանցագործությունը, որ նա կատարել է դեռ մինչև սպանությունը, պետք է պատժվի Ռուսատանի օրենքով. խոսքը վերաբերում է դասալքությանը:
«Սակայն դատավարությունը տեղի կունենա Հայաստանում, մեր ռազմակայանի տարածքում: Այն բաց կլինի Հայաստանի ԶԼՄ-ների և հասարակայնության համար, խոստացվել է, անգամ, դատավարությունը հեռարձակել դատարանի դահլիճից դուրս` մեծ էկրաններին: Հանցագործին պաշտպանելու ոչ մի ցանկություն չկա: Ես, օրինակ, նրան իմ ձեռքերով կհոշոտեի, և հազիվ թե որևէ մեկը Ռուսաստանում նրան շատ համակրում է», - հայտարարել է Զատուլինը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին:
«Այլ հարց է, որ, ըստ երևույթին, պետք չէր այդպես ձգձգել հայ ժողովրդին ցավակցություն հայտնելը` ինչ-ինչ դիվանագիտական ժեստերով: Սակայն ես կասկած չունեմ, որ Պերմյակովի նկատմամբ կկայացվի առավելագույնս խիստ դատավճիռ: Այն պայմաններում, երբ Հայաստանի արևմտամետ վերնախավի ներկայացուցիչները ողջ ուժով փորձում են ժողովրդին Ռուսաստանի հանդեպ անվստահություն ներշնչել, չի կարելի մեր հասցեին չարախոսելու ավելորդ առիթ տալ նրանց», - եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը կընթանա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի կայազորային զինվորական դատարանում: