Հայաստանի անվտանգության համար հիմնական սպառնալիքը ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել առանցքն է: Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա ասելով, հենց նշված «եռյակն» է այժմ փորձում ամեն գնով համահարթեցնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նշանակությունն ու ազդեցությունը:
«Եվ Իսրայելի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ Իսրայելը չի ճանաչում Ցեղասպանությունը, պատահական չէր: Եթե Թել Ավիվը հանդես է գալիս այդպիսի հակահայկական հայտարարություններով, ապա նա արտահայտում է ոչ միայն սեփական, այլև իր հիմնական հովանահոր և ռազմավարական դաշնակցի` Վաշինգտոնի դիրքորոշումը: Այդ երկու երկրները մտադիր չեն ճանաչել Ցեղասպանությունը, դա նրանց ձեռնտու չէ», - նշել է Շաքարյանցը:
Նա հավելել է, որ չի զարմանա, եթե ԱՄՆ ղեկավարությունը, ինչպես նաև Արևմուտքի մյուս երկրների ղեկավարները ապրիլի 24-ին ոչ թե ժամանեն Հայաստան` մասնակցելու հիշակատի միջոցառումներին, այլ մեկնեն Թուրքիա` տոնելու, այսպես կոչված, «գալիպոլյան հաղթանակը»:
Վերադառնալով Իսրայելի թեմային` քաղաքագետը հայտարարել է, որ առասպել է համարում Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման վերաբերյալ խոսակցությունները: Նրա ասելով, հարաբերությունների իրական մակարդակն ու որակը որոշվում է ոչ թե դիվանագիտական հռետորաբանությամբ, այլ` տնտեսական համագործակցությամբ: «Նայեք, թե ինչպիսի վիթխարի ներդրումներ է իրականացնում Իսրայելը Թուրքիայի տնտեսությունում` գյուղատնտեսությունում, պաշտպանական արդյունաբերությունում և շատ այլ հիմնական ոլորտներում: Այդպիսի սերտ փոխգործակցության ֆոնին մյուս բոլոր քաղաքական հայտարարությունները, պարզապես, կորցնում են ողջ արդիականությունը», - ասել է փորձագետը: