Մարտկոցների հայ-գերմանական «Էլբատ» գործարանը 2014 թվականին նախատեսում է 30% ավելացնել արտադրության ծավալները, մինչև 80 հազար միավոր, 2013-ի 60 հազարի փոխարեն: Այս մասն ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Գագիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, ընկերությունը հիմնականում զարգանում է արտահանման հաշվին: Ամենամեծ շուկան հանդիսանում է Ռուսաստանը, որի մասնաբաժինը կազմում է մատակարարումների 60%-ը: Մկրտչյանը նշել է, որ անցյալ տարի խոշոր պայմանագրեր կնքվեցին ռուսաստանյան «ԱվտոՎԱԶ» և «ԿԱՄԱԶ» գործարանների հետ, որոնք հաջողութամբ իրականացվում են: Որոշ բարդություններ առաջացան ռուբլու փոխարժեքի անկման կապակցությամբ, քանի որ պայմանագրերը կնքվել էին դոլարով, ասել է նա: Նա հավելել է, որ դեռ չի հաջովոմ մարտկոցներ վաճառել Ուրալյան գործարանին, որը կտրուկ կրճատել է ծավալները ֆինանսական պրոբլեմների պատճառով: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ընկերության գործունեության դաշտն ավելի ընդլայնվեց, երբ ռուսաստանյան շուկայից դուրս եկան ուկաինական արտադրողները: Մարտկոցների տարեկան պահանջարկը Ռուսաստանում կազմում է 12-14 մլն.միավոր, իսկ տեղական արտադրողներն ապահովում են միայն 6-7 մլն.միավոր, ասել է նա:
Եվրոպական շուկա «Էլբատ»-ն առայժմ դուրս չի գալիս, քանի որ պետք է ավարտին հասցնի սերթիֆիկացման համապատասխան ընթացակարգերը և ստանա EU ստանդարտ: Հայկական մարտկոցներն արտահանվում են նաև Իրան, Վրաստան, Սիրիա, Քաթար և Էմիրատներ: «Ներքին շուկան մենք չենք դիտարկում որպես զարգացման հեռանկար և մեր ուշադրությունը չենք շեշտադրում այստեղ»,-ասել է Մկրտչյանը:
Նա հավելել է, որ ինքնարժեքի նվազեցման նմպատակով գործարանը մտադիր է կառուցել հին մարտկոցների վերամշակման արտադրամաս: Վերամշակված արճիճն ավելի էժան կլինի, քան բորսայական գներով գնվածը, ասել է զրուցակիցը: Նրա խոսքով, այսօր արճիճը լոնդոնյան բորսայի գներով գնվում է Ռուսաստանում և Իտալիայում, հավելելով, որ գերմանական գործընկերը հավանության է արժանացրել ընկերության պլանները և պատրաստ է ֆինանսավորել:
Նշենք, որ «Էլբատ» գորրծարանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2013 թվականին նախատեսում է արտադրությունն ավելացնել 35%-ով, մինչև 82 հազար միավոր:
Գործարանի հիմնական բաժնետերն է գերմանական Cronimet Мining ընկերությունը (51%), իսկ մնացած 49%-ը պատկանում է Հայաստանի ռեզիդենտներին: