Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև իրական մաքսակետ չի լինի: Հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Երևանի և Ստեփանակերտի միջև այժմ էլ գոյություն ունի հսկիչ անցակետ, սակայն այն ձևական բնույթ է կրում: Ընդ որում Իսկանդարյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հիմնական պատճառն էր: Քաղաքագետի ասելով, Հայաստանն այդ քայլը կատարեց` ելնելով անվտանգության հարցերից:
«Հայաստանը միշտ միջազգային կառույցներին անդամակցել է իր սահմաններում, քանի որ պաշտոնապես Հայաստանը և Արցխաը երկու տարբեր պետություններ են, և դրանում ոչ մի նոր բան չկա», - նշել է քաղաքագետը:
Նա նաև կարծում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ պայմանագրի ստորագրումը մեկ փուլի ավարտն էր և մյուսի սկիզբը: «Դա Ռուսաստանի հետ նոր ձևաչափով Հայաստանի համագործակցության սկիզբն է», - եզրափակել է նա: