Ժնևում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հայ-գերմանական համագործակցության հարցեր են քննարկել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը:
Կողմերն ընդգծել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև Երևանի և Բրյուսելի միջև փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Գերմայի օրինակին, որը ճանաչել է Հոլոքոստը, ԱԺ փոխխոսնակն այդ ֆոնին նշել է, որ ի հակակշիռ Բեռլինի, Անկարան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, նենգափոխել պատմությունը, հարևանների հետ խոսել կանխապայմանների մակարդակով և շրջափակել Հայաստանի սահմանները: Այդ առնչությամբ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Նրա ասելով, միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ և դատապարտմամբ կարելի է կանխել դրանց կրկնումը հետագայում:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա բարձր է գնահատել Բեռլինի հավասարակշռված դիրքորոշումը հակամարտության կարգավորման նկատմամբ: Շարմազանովն ընդգծել է, որ հայկական կողմը հիմնախնհդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ հունում` ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում: Լամերտն իր հերթին անթույլատրելի է համարել ղարաբաղան հակամրատության ռազմական լուծումը: