Հոկտեմբերի 8-ին հայկական վարձույթ կմտնի «Սուպեր մամա» ռոմանտիկ կատակերգությունը, որի գլխավոր դերակատարն է Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Ըստ սյուժեի, գործազուրկ դերասանն անվճար բնակարան ստանալու համար որոշում է մասնակցել միայնակ մայրերի համար բարեգործական ծրագրին, ինչի համար ստիպված է լինում կերպարանափոխվել, այսինքն՝ հանդես գալ կնոջ կերպարով, ինչը նրա համար զվարճալի արկածների է վերածվում: Դերասան Կարենի և «միայնակ մոր»` Կարինեի դերը էկրանին մարմնավորել է հանրահայտ շոումեն Հայկ Մարությանը:
Ինչպես նախորդ օրը մամուլի ասուլիսում պատմել է Մարությանը, ֆիլմի աշխատանքներն զբաղեցրել են, ընդհանուր առմամբ, մեկ տարի: Տարիներ շարունակ Կարգին Հայկոն «Կարգին հաղորդման» շրջանակում բազմիցս մարմնավորել է կանանց կերպարներ` տնային տնտեսուհուց մինչև մարմնավաճառ, որոնք շատ սիրելի են դարձել հաղորդման երկրպագուներին: Չնայած այդ հանգամանքին, ինչպես խոստովանել է Մարությանը, նկարահանումը «Սուպեր մամայի»` Կարինեի դերում շատ բարդ է եղել: «Այստեղ ամեն ինչ ավելի լուրջ հիմքի վրա էր», - նշել է նա:
Ֆիլմում նպարահանվել է նաև հումորիստ, «Վիտամին» ակումբի ռեզինդենտ Գարիկ Պապոյանը, ով շատերին հայտնի է նաև որպես «Not alone» երգի բառերի հեղինակ, որի կատարմամբ Արամ MP3-ը 4-րդ տեղն զբաղեցրեց «Եվրատեսիլ-2014»-ում: Շոումենը խոստովանել է, որ միշտ երազել է նկարահանվել կինոյում, և «Սուպեր մաման» նրա դեբյուտն է մեծ էկրանին: «Նկարահանման հրապարակում ես անհարմարավետություն էին զգում, քանի որ սովոր եմ հանդես գալ բեմում, սովոր են դահլիճի արձագանքին և ծափահարություններին: Խաղալ ֆիլում, չտեսնելով հանդիսատեսին, հեշտ չէր», - ասել է նա:
Ֆիլմի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը` Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը՝ Հայկ Մարությանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անի Խաչիկյանն ու Արման Մարությանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 250 հազար դոլար: «Սուպեր մաման» կցուցադրվի նաև Հայաստանի մարզերում, ընդ որում, տոմսերի գներն ավելի ցածր կլինեն` քան մայրաքաղաքում: