«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն նախատեսում է 11 տոննա ոսկի արդյունահանել Լոռու մարզում գտնվող Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքնավայրից: Այդ մասին հաղորդել է ՍՊԸ տնօրեն Գագիկ Խոջայանը Լոռիում անցկացված հանրային լսումների ժամանակ, հաղորդում է «Էկոլուրը»:
Լսումներն անցկացվել են ընկերության կողմից Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտ ներկայացնելու առնչությամբ: Ըստ նախնական կանխատեսումների, ընկերությունը նախատեսում է արդյունահանել 2 մլն 700 հազար տոննա հանքաքար, 11 տոննա ոսկի, 30 տոննա արծաթ, շուրջ 10 հազար տոննա պղինձ: 1 տոննա հանքաքարում ոսկու պարունակությունը կազմում է 4.3 գ, արծաթինը` 11 տոննա, պղնձինը` 0.34%, արճիճինը` 0.7%, ցինկինը` 1.8%: Տնօրենի ասելով. դրանք կանխատեսումային գնահատականներ են, որոնք պետ է ճշտվեն:
Խոջայանի ասելով, «Վիկտորիա Սիլվերը» մտադիր է, նախ, անցկացնել Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման հետախուզում` պարզելու համար ավելի վաղ կատարված աշխատանքների հավաստիությունը, և հետո անցկացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ հանքավայրի պաշարները գնահատելու համար: Եթե արդյունքները դրական լինեն, ապա ընկերությունը կսկսի շահագործումը: Դրական արդյունքների դեպքում նախատեսվում է 10 հորատանցք փորել 5 հորատահապարակներում` օգտակար հանածոների արդյունահանման համար: Նախագիծը հաշվարկված է 3 տարվա համար: Ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը:
ԱրմԻնֆո-ի տվյալներով, «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ գրանցվել է 2014 թվականի մայիսին: Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի ռեզիդենտներ Արմեն Գևորգյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Անդրանիկ Համբարձումյանը և Գագիկ Խոջայանը: