Հայաստանի իշխանությունները խոչընդոտներ չեն հարուցի ոչ իշխանական «եռյակի» (ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգւոթյուն» հանրահավաքի համար, որն անցկացվելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք ժողովրդավարական երկիր ենք, և եթե այդ ուժերը որոշել են հանրահավաք անցկացնել, ապա խնդրեմ, ոչ ոք նրանց չի խանգարի», - հայտարարել է պատգամավորը: Նա ընդսմին հավելել է, որ դեպի Երևան բոլոր ճանապարհները բաց կլինեն:
Սահակյանի ասելով, ոչ իշխանական ուժերը գործող իշխանության հրաժարականի պահանջը հիմնավորում են սահմանադրական բարեփոխումներով, ինչից կարելի է հետևություն անել, որ եթե սահմանադրական բարեփոխումներ չլինեն, ապա այդ պահանջն էլ չի լինի: Այդուհանդերձ, հանրապետականները մտադիր չեն լուրջ վերաբերվել այդ պահանջներին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ կմնա իշխանության ղեկին, պատգամավորը նշել է, որ այդ հարցին պատասխան կտա ժողովուրդը` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը` Սահակյանը նշել է, որ դրա համար պետք է լինեն նախադրյալներ և պատճառներ, և ինքն առայժմ չի տեսնում ոչ մեկը, ոչ էլ մյուսը: