Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեն այնպիսի մակարդակով, որպեսզի դրանք տպավորություն գործեն համաշխարհային հանրության վրա` այնպես, որ աշխարհը լսի հայերի ձայնը: Այդ մասին հայտարարել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոստը` Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում իր ելույթում:
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է տեղափոխվի իրավական հարթություն: «Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, այլև դրա հետևանքների դիմաց փոխհատուցման հարցը: Մեր բառապաշարում «ճանաչել և դատապարտելու» փոխարեն այսուհետև պետք է հնչի «ճանաչել, դատապարտել և փոխհատուցել» բառակապակցությունը», - հայտարարել է Արամ Ա-ն, ընդգծելով, թե Թուրքիան պետք է գիտակցի, որ չի կարող անպատիժ «բռնաբարել» մի ողջ ժողովրդի իրավունքը:
Նրա ասելով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է դառնա Ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլի սկիզբ, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրա ճանաչման և փոխհատուցման հասնելու սկիզբ:
Նա նաև հայտարարել է, որ հայոց եկեղեցին հետևողական է լինելու Թուրքիայի տարածքում հայերի եկեղեցական գույքի վերադարձման հարցում: «Այդ հարցով մենք կդիմենք միջազգային իրավական ատյաններ, սակայն դրանում մեզ պետք է սատարի Հայաստանը` որպես պետություն», - հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հայ համայնքների աստիճանաբար վերացման առնչությամբ` ընդգծելով ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի կառույցների կողմից այդ երկրների հայ համայնքներին ըստ ամենայնի աջակցելու անհրաժեշտությունը:
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն իր հերթին ընդգծել է Հայաստան-Սփյուռք-Արցախ հարաբերությունների առավել ամրապնդման կարևորությունը ողջ աշխարհի հայության համար արդիական հարցերի լուծման գործում, որոնց թվում առաջնայիններից մեկն օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանության ճանաչումն է: