Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:
ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:
Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից և միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչև 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին և հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների:
Սպասվում է, որ գագաթնաժողովում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իր Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ գագաթնաժողովում Անկարան կբարձրացնի նաև ղարաբաղյան հարցը: «Ադրբեջանին տրված խոստումների առումով Թուրքիան կլինի վճռական»,-հայտարարել էր նա:
Իսկ ԱրմԻնֆո գործակալության դիվանագիտական աղբյուրները քիչ հավանական են համարում գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հարցի նպատակային քննարկումը, գտնելով, որ այնտեղ հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, ուկրաինական ճգնաժամին: Այնուամենայնիվ, աղբյուրները չեն բացառում, որ ղարաբաղյան պրոբլեմն իր արտացոլումը կարող է գտնել գագաթնաժողովի վերջնական բանաձևում: