Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում որևէ նոր շեշտադրումներ չկան: Այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը «Նոև Կովչեգ» թերթին:
«Ես ծանող եմ այդ հարցազրույցին, և գտնում եմ, որ այնտեղ ոչ մի նոր բան չկա: Հետևաբար, որևէ բան մեկնաբանելն անիմաստ է»,-ասել է Շարմազանովը:
Այն հարցին, թե որքանով է ինքը համաձայն նախկին նախագահի կարծիքին, Շարմազանովն ընդգծել է, որ կիսում է իր սեփական կուսակցության դիրքորոշումը, ինչի մասին բազմաթիվ անգամներ արդեն ասել է:
Հիշեցնենք, որ նշված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ինքը մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունի: «Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞ ոչ և այլն: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխան-ները կամ չկան կամ կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել», - նշել էր քաղաքական գործիչը: