Իրավապահ մարմինները քրեական գործ կհարուցեն ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ, որի շրջանակներում նրանք պատասխանատվություն կկրեն`արցախյան օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙՁերբակալվածները դիվերսիոն-հետախուզական գործունեություն են իրականացրել, և այդ նպատակավ ադրբեջանական կողմն օգտագործում է հանցավոր խմբավորումներ, որոնք ծանոթ են տեղանքին: Հնարավոր է, այդ խմբավորումների անդամներն ուղեկցում են ադրբեջանցի դիվերսանտներին՚,- նշել է նախարարը: Օհանյանն ափսոսանք է հայտնել, որ որոշ անձինք փորձում են բացթողումներ գտնել Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների աշխատանքում և հրավիրել է բոլորին իր հետ միասին այցելել տեղանքը, որտեղ իրականացվել է դիվերսիան`հայկական ստորաբաժանումների աշխատանքի բարդության մեջ անձամբ համոզվելու նպատակով:
Նախարարի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը համաձայն են հայկական կողմի առաջարկներին`վստահության մթնոլորտ ստեղծել շփման գծից դիպուկահարների հեռացման, դիվերսիոն գործողությունների դադարեցման, միջազգային հետաքննություն սկսելու միջոցով, սակայն ադրբեջանական կողմն առայժմ հակառակվում է դրան: Համանախագահների կոշտ հայտարարությունների առնչությամբ Օհանյանը նշել է, որ համանախագահները փորձում են պահպանել փխրուն խաղաղությունը:
Նա նաև նշել է, որ ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի հետ կապված գործարքները մտահոգում են հայկական կողմին: ՙՀայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մանրամասները ոչ միշտ են ներկայացվում հայասարակայնությանը, սակայն կարող եմ հավաստիացնել, որ հայ-ռուսական համագործակցությունն ավելի սերտ է, քան ռուս-ադրբեջանական համագործակցությունը՚,- նշել է նա: