Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՊՆ. Գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից

$
0
0

Գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: 

ՙՎերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` ՙՌազմագերիների հետ վարվելակերպի մասին՚ Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ: 

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ: 

Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին՚,- ասվում է հայտարարության մեջ: 

Նշենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: Կորուստներ է կրել նաև հայկական կողմը: Հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles