Ադրբեջանական մշտական դիվերսիաները կրկին ցույց են տալիս այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը չի ավարտվել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջնական սահմանին ադրբեջանական մշտական դիվերսիաները պայմանավորված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Բաքվի դիվանագիտական ձախողումներով: ՙԱյսօր ստատուս-քվոն հակամարտության գոտում պահպանվում է, իսկ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ պետություն է, այդ պատճառով Բաքուն ձգտում է իր կորուստները լրացնել սաբոտաժներով և դիվերսիաներով՚,- նշել է պատգամավորը:
Ըստ որում, նա նշել է, որ չնայած հայկական կողմի հավատարմությանը խաղաղությանը`Ադրբեջանի նման ռազմավարության շարունակման դեպքում այն կարող է փոխել իր ՙբարեհաճությունը՚ Նախիջևանի հանդեպ և վերջինիս տարածքով ուղիղ ե/ու հաղորդակցություն ապահովել Իրանի հետ:
Ստեղծված պայմաններում Սահակյանն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք գնահատականն Ադրբեջանի գործողություններին: ՙԿարծում եմ, որ ստեղծված պայմաններում Մինսկի միջնորդների և միջազգային հանրության հայտարարությունները պետք է հասցեական, հստակ և կոշտ լինեն`ուղղված այն երկրին, որը մեղավոր է իրավիճակի ապակայունացման հարցում, տվյալ դեպքում`Ադրբեջանին, որն արդեն սկսել է դիվերսիոն ոտնձգություններ իրականացնել նույնիսկ Հայաստանի տարածքի նկատմամբ՚,- ասել է խորհրդարանականը:
Նշենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: Կորուստներ է կրել նաև հայկական կողմը: Հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: