ՙՕրինաց երկիր՚ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառել իր մասնակցությունը 2018 թ.նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Բաղդասարյանն ընդգծել է, որ երկրի ներքաղաքական գործընթացներն այսօր մեծացնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությունը: ՙԴեռ երբեք Ազգային ժողովում ուժերի նման պառակտում չի եղել`5 խմբակցություն ընդդեմ 1-ի, որը ֆորմալ կերպով մեծամասնություն է կազմում, սակայն դժվարությամբ է անցկացնում իրեն հարկավոր օրինագծերը: Դա նորմալ չէ, իշխանությունում հավասարակշռությունը խախտված է, և անհրաժեշտ է դրա վերականգնմանն ուղղված միջոցներ ձեռնարկել՚,- ասել է նա: Իսկ արտահերթ նախագահական ընտրություններ, Բաղդասարյանի կարծիքով, պետք չէ սպասել, դրա համար նախադրյալներ չկան:
Նշենք, որը հուլիսի 18-ին ՕԵԿ-ը մտադիր է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ քաղաքական գնահատականներ կտրվեն երկրի կարևոր խնդիրներին, հասարակությանը կներկայացվի կուսակցության քաղաքական օրակարգը և վերջինիս հետագա քայլերը: Գործող իշխանության հրաժարականը հանրահավաքում ՕԵԿ-ը չի պահանջի, քանի որ, կուսակցության առաջնորդի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ կհեռանա ակտիվ քաղաքականությունից, և չի պատրաստվում նաև զբաղեցնել վարչապետի պաշտոնը սահմանադրական բարեփոխումների դեպքում:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը կառավարող կոալիցիայից դուրս է եկել ընթացիկ տարվա մարտին`պայմանավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ կուսակցությունը քաղաքական ղեկավարության կողմից ընդունվող որոշումների վրա ազդելու հնարավորություն չի ունեցել: