Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների տվյալ փուլում առաջնահերթություն է Ստեփանակերտի ներգրավումը բանակցությունների սեղանի շուրջ, հենց դրանով է պայմանավորված Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Միաժամանակ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը, անշուշտ, ՙհիստերիկ՚ կերպով կարձագանքի այդ դիմումին, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է բարձրացնի այդ հարցը: ՙԲոլորը, այդ թվում`Բաքուն, պետք է գիտակցեն, որ առանց բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության, խնդիրն անհնար է լուծել՚,- նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ է արել ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ կազմավորման գործընթացի լիովին եւ անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին եւ այն ժամանակ դեռեւս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը: «Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարեւոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ ուղղակի բանակցությունների շնորհիվ, վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության եւ խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարեւորության մասին: Կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ՚, - ասվում է հայտարարությունում: