Երևանի Ավագանու խորհրդի ՙԲարև Երևան՚ դաշինքը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայց է ներկայացրել Վարչական դատարան:
ՙԲարև Երևան՚ խմբակցության անդամները վստահ են, որ Տարոն Մարգարյանի հիշյալ որոշումն անհիմն է և անօրինական: Ըստ որում, խմբակցության անդամներն առանձնակի հույսեր չեն կապում հայկական արդարադատության հետ, փոխարենը հավաստիացնում են այսուհետև էլ պայքարը շարունակելու պատրաստակամության մասին`ընդհուպ արդարության հասնելը: Խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ Տարոն Մարգարյանի կողմից օրենսդրության խախտումներն այնքան շատ են, որ դատարանին դժվար կլինի անտեսել դրանք: ՙՏարոն Մարգարյանը գիտի, որ խախտել է օրենքները, այդ պատճառով ժամանակավորապես կասեցրել իր իսկ որոշման գործողությունը՚,- նշել է Սաֆարյանը: