Օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 21-րդ խմբի երդման հանդիսավոր արարողությունը: 30 նոր կամավորների երդումն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Նրա խոսքով, կամավորներն իրենց զգալի ներդրումն են ունենում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ու խորացման գործում: ՙԿամավորներն աշխատելու են Հայաստանի բոլոր մարզերում: Մենք շատ երախտապարտ ենք ՀՀ կառավարությանը մեր կամավորներին ընդունելու համար, ինչպես նաև դպրոցներին, կազմակերպություններին ու ընտանիքներին, որոնք աշխատելու են նրանց հետ: Կամավորները մեր լավագույն դեսպաններն են, քանի որ նպաստում են երկու երկրների միջև միջմշակութային երկխոսության զարգացմանը՚,- նշել է Հեֆֆերնը լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ երդման արարողությունից հետո կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ առաջիկա 2 տարիներին կաշխատեն անգլերեն լեզվի ուսուցման և համայնքի ու երիտասարդության զարգացման ծրագրի շրջանակներում:
ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել ավելի քան 100 երկրում։ Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին և օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին։Խաղաղության կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992թ.-ից՝ ՀՀ կառավարության հրավերով: