Հասարակայնության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պահանջելով չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը:
ՙԱրձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հայաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է միլիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևավորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար:
Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնինե ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:
Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմիե նկրտումներին արժանի պատասխան:
Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին: Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հայինե փառաբանելու նպատակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում: Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նեղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով ՙսրբագրված՚ և միակողմանի ներկայացվող կերպար: Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը՚,- ասվում է նամակում: Բաց նամակի տակ ստորագրել է 138 մարդ: