Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը գտնում է, որ Ղրիմը կարող է նախադեպ լինել Ղարաբաղի համար:
ՙՆոյեվ կովչեգ՚ թերթին հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ղրիմը նախադեպ դառնալ Ղարաբաղի համար`Վոլինկինը նշել է. ՙԸստ երևույթին, հարկավոր է ելնել այն բանից, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի: Իսկ կարող է արդյոք այն անկախություն ստանալ`կախված է պատմական որոշակի պայմաններից: Չէ որ Ռուսաստանը չէր ձգտում ցանկացած միջոցով վերադարձնել Ղրիմը: Պարզապես տվյալ պահին այնպես դասավորվեցին հանգամանքները, որ անհնար էր, որպեսզի ռուսաբնակ Ղրիմը կառավարվեր ֆաշիստական տարրերի կողմից: Մենք օգնության հասանք մեր ռուս եղբայրներին: Այդ պատճառով դժվար է կանխատեսել`ինչպես և ինչ կլինի: Այուամենայնիվ, նախադեպ կա՚,- գտնում է ռուսաստանցի դիվանագետը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը`Վոլինկինը նշել է, որ պաշտոնական Երևանը շատ արագ տեմպերով ընթանում է եվրասիական ինտեգրման ճանապարհով, անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կատարվում են ժամանակին կամ ժամանակից շուտ:
ՙՆոր միավորմանը մասնակցությունն անկասկած մեծ առավելություններ կբերի Հայաստանի տնտեսությանը, քանի որ եվրասիական ինտեգրացիոն համակարգի ներսում ապրանքաշրջանառությունը կլինի առանց մաքսատուրքի, և Հայաստանն այդ երկրների շուկաներ իր ապրանքները մատակարարելու հնարավորություններ կստանա: Դա իր հերթին ներքին արտադրության զարգացման խթան կհանդիսանա, նշանակում է`կմեծանա զբաղվածությունը՚,- նշել է դեսպանը:
Ըստ որում, նա համոզված է, որ ՄՄ-ին անդամակցելու որոշում չի պառակտել հայ հասարակությանը, և Հայաստանում մեծամասնությունը եվրասիական ինտեգրման գաղափարի կողմնակից է:
ՙԵրբ վերանան մաքսային բոլոր սահմանափակումները, Հայաստանի տնտեսության զարգացման նոր խթաններ կառաջանան: Ծրագրերի մեջ է մտնում նաև Հայաստանում մի շարք ձեռնարկությունների կառուցումը, այդ թվում`կաուչուկի արտադրության, որի արտադրանքը կարտահանվի առավելապես Ռուսաստան՚,- ընդգծել է դիվանագետը: