ՀՀ պաշտպանության նախարարությունն ու նրա ղեկավարությունն այսօր պատասխանատվություն են կրում զինվորների հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բանակում դեստրուկտիվ պաշտամունքների և փողոցային բարքերի դեմ պայքարին նվիրված մամուլի ասուլիսում:
Ըստ Օհանյանի, տարբեր տեսակի տեսություններ և սուբմշակույթներ զգալի սպառնալիք են իրենց մեջ կրում ոչ միայն հայ հասարակության, այլ նաև զինված ուժերի համար: «Հարկավոր է հստակ պատկերացնել դեստրուկտիվ պաշտամունքների տարածումը, դրանց հետևանքներն ու դրսևորումները, որպեսզի դրանց դեմ պայքարը լինի արդյունավետ և նպատակային: ԶՈՒ ղեկավարությունը պատրաստ է լսել այդ պրոբլեմի վերաբերյալ կարծիքները, տարբեր փորձագետների և հասարակական ու քաղաքական գործիչների դիրքորոշումները: Մենք հակված ենք համագործակցության»,-նշել է նախարարը: Այս համատեքստում նա հավելել է, որ արդեն մշակված է զինվորների հայրենասիրական դաստիարակության 2014-2015 թվականների միջոցառումների պլանը:
Նախարարը գտնում է, որ դաստիարակչական աշխատանքները պետք է ընթանան գիտականորեն հիմնավորված և համակարգված ուղիով, անհրաժեշտ է նաև հոգևորականության, մտավորականության և այդ պրոբլեմի հետ առնչվող այլ կառույցների հետ համատեղ պարզել, թե ինչպիսին է իրական պատկերը, ճիշտ հասկանալ մարտահրավերների տարածումն ու մասշտաբները, գործող օրենսդրության սահմաններում իրականացնելով արդյունավետ քարոզչություն:
Նա ընդգծել է, որ աղանդների հետ կապված պրոբլեմները քննարկելիս հաճախ կարելի է բախվել միամիտ պատկերացումների ու մոտեցումների, որ վտանգավոր են միայն կրոնական այն տեսությունները, որոնք արգելում են կրել զենք: «Բայց դա միայն այսբերգի գագաթն է: Սարսափելի է մտածել, որ զենքը կարելի է վստահել ինքնասպանության հակում ունեցողին, էմո կամ մեկ այլ սուբմշակույթի ներկայացուցչին, սարսափելի է մտածել, որ առաջնային գծում մարտական հերթապահությունը կարող է կրել սատանիստը, որը մասնակցել է զանազան կասկածելի ծեսերի»,-հայտարարել է նախարարը: