Նախօրեին կայացել է Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկներ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը հավակնում է Հայաստանի ազգային կինոմրցանակի` «Լավագույն ֆիլմ, «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենար» և «Լավագույն նկարիչ» անվանակարգերում:
Ըստ սյուժեի` երիտասարդները հավաքվում են ամառանոցում` նշելու իրենց ընկերոջ ԱՄՆ մեկնումը, սակայն իրադարձությունների անսպասելի շրջադարձը հանգեցնում է ողբերգության: Ֆիլմում նկարահանվել են Նարեկ Ներսիսյանը, Նարեկ Կտոյանը, Կարեն Խոսրովյանը, Դավիթ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Արթուր Ղալումյանը, Հակոբ Մանուկյանը, Րաֆֆի Էլիոտը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆիլմի ռեժիսոր Արեգ Ազատյանը, ֆիլմի հիմքում ընկած են իրական իրադարձություններ: Սակայն, ի տարբերություն ֆիլմի, կյանքում պատմության ավարտն այդքան ողբերգական չէ: Նրա ասելով, «Ռոմանտիկները» կարևոր ուղերձ է ներառում: «Մենք ցանկացել ենք ժամանակակից երիտասարդությանը պատկերել այնպես, ինչպիսին կա, և ձգտել ենք դա անել առավելագույնս անկեղծ: Յուրաքանչյուրն ունի իր գաղտնի ցանկությունները, բարդույթները, որոնք թաքնված են շրջապատից, սակայն դրանցից անհրաժեշտ է ձերբազատվել: Հնարավոր է` ֆիլմում այդ ամենը չափազանց սուր է ներկայացված, սակայն դա հատուկ է արվել: Թող որ ֆիլմը մռայլ է, բայց չէ որ միշտ չէ, որ պետք է կատակերգություններ լինեն», - նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի ազգային կինոմրցանակին` Ազատյանը խոստովանել է, որ կցանկանար պարգև ստանալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Մեզ համար գլխավորն արդեն այն է, որ փորձագետները հետաքրքրվել են «Ռոմանտիկներով» և արժանացրել դրական գնահատականների: Իհարկե, կցանկանայինք մրցանակ ստանալ «Լավագույն ֆիլմի» համար, սակայն որոշողը ես չեմ», - ասել է ռեժիսորը:
«Ռոմանտիկների» համաշխարհային պրեմիերան կայացել էր անցյալ տարի Շվեդիայում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի շրջանկում: Ժապավենը նախատեսվում է ներկայացնել տարբեր եվրոպական կինոփառատոններում: