Կմիանա արդյոք ՙՕրինաց երկիրը՚ ոչ իշխանական խորհրդարանական ՙքառյակին՚, դժվար է ասել: Այս հարցին պետք է պատասխանեն առաջին հերթին այդ կուսակցության ներկայացուցիչները, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Խոսելով կոալիցիայից ՕԵԿ դուրս գալու պատճառների մասին`ՙԺառանգության՚ ներկայացուցիչը նշել է, որ պատճառներ, իրոք, եղել են, հատկապես`վարչապետի թեկնածության մասով: ՙԻրականում իշխանությունների կարևոր բոլոր որոշումներն այդ ողջ ընթացքում կայացվել են`առանց ՙՕրինաց երկիր՚ կուսակցության կարծիքը հաշվի առնելու: Եվ նոր վարչապետի նշանակումը, ըստ երևույթին, վերջին կաթիլն է հանդիսացել՚,- ասել է Մարտիրոսյանը:
Միաժամանակ ընդդիմադիր գործիչը կոալիցիայից ՕԵԿ դուրս գալն շխանության ներսում ճգնաժամի հետևանք է համարում, քանի որ ուժեղ իշխանությունից ոչ ոք չի հրաժարվում: ՙՆրանք 6 տարի կոալիցիայում են եղել այն պարզ պատճառով, որ իշխանությունը, չնայած ոչ լեգիտիմությանը, տնօրինել է լուրջ ռեսուրսների: Հիմա իրավիճակը որակապես փոխվել է, և կուսակցությունը կոալիցիայում մնալու պատճառ չի տեսնում՚,- հայտարարել է ՙժառանգության՚ ներկայացուցիչը:
Քաղաքական գործչի կարծիքով, մինչ այժմ երկրում ներքաղաքական ճգնաժամ էր, հիմա դրան ավելացել է իշխանության ճգնաժամը: Իրավիճակից ելքը Մարտիրոսյանը տեսնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ: ՙԵթե խորհրդարանական ՙքառյակն՚ աշխատի հենց այդ ուղղությամբ և իշխանությանը ժամանակ շահելու հնարավորություն չտա, այդ ընտրությունները սարերի հետևում չեն: Հակառակ դեպքում մենք կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առջև, և իշխանությունը կկարողանա վերարտադրվել 2017-2018 թթ. ընտրական փուլի ընթացքում՚,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՙՕրինաց Երկիր՚ կուսակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում իր հետագա մասնակցությունը իշխող կոալիցիային: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն: ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո, հնարավոր է, լքի նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով, ՙՕրինաց երկիրը՚ կհամալրի ընդդիմության շարքերը: