Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Տեր-Պետրոսյան. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ

$
0
0

 Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը։ Այդ մասին  iLur.am-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ նպատակին հասնելու համար, ՀԱԿ առաջնորդի խոսքով, Սերժ Սարգսյանը կարող է վարչապետի պաշտոնում քիչ թե շատ ընդունելի թեկնածություն առաջարկելու եւ դրանով հանրային դժգոհության ալիքը մեղմելու, ընդդիմությանը պաշտոններով գայթակղելու ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով ժամանակ շահել եւ սեփական դիրքերն ամրապնդելուց հետո հեշտուհանգիստ անցնել վերոհիշյալ ծրագրի իրականացմանը։ 

ՙՊետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն եւ համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։ Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռեւս մինչեւ վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին եւ նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը՚,-նշել է նա: 

Պատասխանելով այն հարցին, թե այդ պարագայում ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկի ընդդիմադիր քառյակը`Տեր  Պետրոսյանն ասել է. ՙԱնշուշտ տեղյակ եք, որ քառյակում այդ հարցերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել։ Հետեւաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետեւյալին.ա. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։

Որովհետեւ, թեեւ Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետեւում ընթացող ինտրիգների դաշտում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա։ բ. Հետեւաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։ գ. Երկրում արմատական փոփոխությունների իրականացման եւ օրինական իշխանությունների ձեւավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլեւս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա՚: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles