Այն մեղադրանքները, թե Թուրքիան աջակցում է Քեսաբ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատած իսլամական գրոհայիններին, միանգամայն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
«Մենք թշնամական քաղաքական քարոզչություն ենք համարում զուգահեռների անցկացումը Քեսաբի դեպքերի և որոշ իրադարձրությունների միջև, որոնք տեղի են ունեցել անցյալում, և դատապարտում ենք այդ գործողությունները», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդսմին նշում է, թե իրենց երկիրն «ամենից շատ է տուժել Սիրիայի վարչակազմի բռնության և ագրեսիայի քաղաքականության հարուցած դիմակայությունից»: «Թուրքիան, մի կողմից, ձգտում է պատասխանել սիրիական վարչակազմի հարձակումներին, որոնք սպառնում են իր ազգային անվտանգությանը, իսկ մյուս կողմից` ապաստան է տրամադրում քաղաքացիական պատերազմից փախածներին: Այժմ Թուրքիայի տարածքում կա շուրջ 800 հազար սիրիացի փաստական, և մենք միջոցներ ենք ձեռնարկում նրանց օգնելու նպատակով», - նշում է ԱԳՆ:
Եվ այդ համատեքստում հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան, ստանձնելով հումանիտար պատասխանատվություն, ՄԱԿ-ին տեղեկացրել է Քեսաբի հայ բնակչությանն ընդունելու իր պատրաստակամության մասին, ինչի մասին պաշտոնական խողովակներով տեղեկացվել են նաև հայ համայնքի ներկայացուցիչները: «Մենք շարունակում ենք այդ հարցի շուրջ բանակցությունները: Բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն սիրիահայերի կարիքները բավարարելու համար` ինչպես և Սիրիայի մյուս քաղաքացիներինը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվել իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը գրոհել են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Քեսաբի հայերն ստիպված են եղել քաշվել լեռները կամ ապաստանել Լաթաքիայում, որտեղ արդեն եղել է Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարել Քեսաբի վրա թուրքական գրոհները կանխելու նպատակով: Համանման հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հայկական կուսակցություններ: