Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության դեպքում երկրի տնտեսական աճ կապահովվեր միայն առաջիկա 5-7 տարում, իսկ հետո կսկսվեր լճացման շրջան: Այսօր այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը Ուկրաինայի իրավիճակին նվիրված կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպել էր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:
«Մենք հասկանում ենք, որ Մաքսային միությանն անդամակցումը կապահովեր մեր ավիաարդյունաբերության, բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների զարգացումը, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ, դա վերաբերում է, հատկապես, արևելքում կենտրոնացված արդյունաբերական հզորություններին: Կարելի է խոսել Մաքսային միության հսկայական շուկայի մասին, սակայն նման իրավիճակը կշարունակվեր 5-7 տարի: Իսկ հետո Եվրամիությունն առաջ կշարժվեր իր տնտեսական զարգացմամբ, իսկ մենք Ռուսաստանի հետ միասին տեղում կդոփեինք», - կարծում է Ռոմանը: Նրա ասելով, հենց այդ ըմբռնումը հանգեցրեց Մայդանի:
Դիվանագետը նաև հաղորդել է, որ եթե 2011 թվականին սոցհարցումների տվյալներով Ուկրաինայի քաղաքացիների ընդամենը 30 տոկոսն էր հանդես գալիս եվրաինտեգրման օգտին, ապա այսօր այդ ցուցանիշը կազմում է շուրջ 70 տոկոս: Եվ ԵՄ հետ ինտեգրման կողմնակիցների զգալի մասն ուսանողներն են, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: «Ռուսական հեռուստաալիքները փրփուրը բերաններին պնդում են, թե Ուկրաինայում իշխանության են եկել ֆաշիստներն ու բանդերականները: Դա սուտ է, նման պնդումները ցինիզմի և լկտիության գագաթնակետն են: Եվրոմայդանը չէր հաղթի առանց կիևցիների աջակցության: Իսկ կիևցիները ոչ թե ինչ-որ ֆաշիսներ և նացիստեր են, այլ` փոքր և միջին բիզնես, բանկային ծառայողներ, որոնք ցերեկը գնում էին աշխատանքի, իսկ երեկոյան` Մայդան: Այդ նրանք հաղթեցին, այդ նրանք տապալեցին իշխանությունը, որը երեք տարի շարունակ մեզ համոզում էր, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, իսկ վերջին պահին շեղվեց ճանապարհից», - հայտարարել է Ի.Ռոմանը: