ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դարձավ առայժմ Հարավային Կովկասի երկրներից միակ նախագահը, ով սատարեց Ղրիմի հանրաքվեին, այն անվանելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացում: Այս մասին է ասված ռուսաստանյան քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հոդվածում, որը տպագրել է ИА REX գործակալությունը:
Նրա խոսքով, ի տարբերույթւոն Սարգսյանի, Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին հայտարարեց, որ «Ռուսաստանին Ղրիմի միանալու մեջ տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված գլոբալ կարգին սպառնալիք», «համաշխարհային ողջ հանրությանը կոչ անելով առավելագույնս հանգիստ, բայց միևնույն ժամանակ սկզբունքայնորեն գնահատել ստեղծված իրավիճակը»: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա վերջինս արձագանքեց ընդամենը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի մակարդակով: «Մենք կոչ ենք անում կարգավորել ուկրաինական հակամարտությունն այդ երկրի Սահմանադրության շրջանակներում, մեր երկիրն էլ բախվեց ագրեսիայի, ինչը բերեց մեր տարածքների օկուպացիային»,-նշեց նա: Այսինքն, Բաքվի տեսանկյունից Մոսկվան «ագրեսոր է և օկուպացրել է Ղրիմը»: Այնուամենայնիվ, իշխանություններն աշխարհի ադրբեջանցիների Կոնգրեսին թույլ չտվեցին Բաքվում գտնվող ՌԴ դեսպանության առջև կազմակերպել ակցիա` «ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ղրիմում Ռուսաստանի ծավալած գործողություններին դեմ», այն ժամանակ, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պետական մակարդակով տոնեցին Ղրիմի ինքնորոշումը, կազմակերպելով տնական համերգ և հրավառություն:
Այսպիսով, ըստ Տոլմաչովի, եթե Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք չսատարեցին Ղրիմի վերադարձը Ռուսաստանին, համարենք արևմտամետ, ապա Հայաստանն ու Ղարաբաղն արդեն կատարել են իրենց ռազմավարական ընտրույթունը, ընդ որում, հոգուտ Ռուսաստանի: Այժմ ողջ ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո»ք Ղրիմի նախաադեպը կարելի է կիրառել նաև Ղարաբաղում, քանի որ շատերն են հասկանում պատճառների յուրօրինակությունը, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված ներքին և արտաքին հանգամանքները, որոնք բերեցին «մայդանյան հեղափոխության» անսպասելի ելքին:
«Պատահական չէ, որ շատ փորձագետներ որպես Ղարաբաղի և Ղրիմի օգտին արգումենտ բերում են Կոսովոյի օրինակը, որը նախադեպ ստեղծեց միջազգային իրավունքի մակարդակով, դառնալով եվրոպական միջազգային իրավունքի նորմ: Այժմ դա կարող է ակտուալացնել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Պատահական չէ, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում Սարգսյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակնեւում համագործակցությունը շարունակելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդունել նաև այն փաստը, որ ԱՄՆ և նրա եվրոպական գործընկերները մինչ օրս իրենց շահերի շրջանակներում խաղարկում էին ղարաբաղյան «խաղաքարտը», մանիպուլյացիաների ենթարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Իսկ ինչ կլինի այժմ, երբ Ղրիմի նախադեպից վառված Արևմուտքը կրկին վերադառնա միջազգային իրավունքի «հին» նորմերով խորհրդատվույթունների իրականացմանը, առաջնայինը համարելով տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, այսինքն, անցնի Ադրբեջանի կողմը, վրեժ լուծելով Հայաստանից, որ վերջինս անցել է Ռուսաստանի կողմը և որոշել միանալ Մաքսային միությանը»,-հարցադրում է հեղինակը:
Նա նշում է, որ տեսականորեն այդպիսի մանյովր արդեն իրականացվում է Ուկրաինայի հանդեպ, բայց դրա պրակտիկ իրականացումը շատ դժվար է, քանի որ Եվրոպայում, ինչպես նաև ողջ աշխարհում, նոր թափ են հավաքում ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման միտումները, մասնավորապես, Կատալոնիայում, Շոտլանդիայում, Տրանսիլվանիայում: Այնուամենայնիվ, Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ ցանկանալով խուսափել Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունից և փլուզել հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմները, միևնույն ժամանակ ձեռնպահ է մնում կամ հրաժարվում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը` Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ միասին: Ինչպես հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «Երևանը ցանկանում է բացառապես խաղաղ ճանապարհով ապահովել սեփական տարածում ապրելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը»:
Բայց ինչպե՞ս, եթե ձգտելով աջակցել իր ռազմավարական գործընկերոջը`Ռուսաստանին, Հայաստանն իրեն ռիսկի ենթարկում` հայտնվելով Արևմուտքի «սև ցուցակում», և, ինչպես գրում է հայ փորձագետներից մեկը, իր հարևանների`Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում գործում է «յուրային-օտար» ռեժիմով: Մյուս կողմից, ուժերի նման հարաբերակցությունը նեղացնում է նաև Ռուսաստանի հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ նախկին հավասարակշռված քաղաքականություն իրականացնելու առումով: Նրա համար էլ է առաջանում ընտրություն կատարելու բարդ պահը, ու նրա գործողությունները Անդրկովկասում կարող են, ելնելով ստեղծվող իրավիճակից, ձեռք բերել ասիմետրիկ բնույթ:
Սակայն, ինչպես նշում է Տարասովը, կա մեկ այլ սցենար, դա այն է, որ մինչև մայիսի 1-ը պետք է ստորագրմանը պատրաստ լինի Եվրասիական միության պայմանագիրը, իսկ մայիսի սկզբին Հայաստանը մտադիր է ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը: Այդ միությանը Հայաստանն ընդգրկվում է իր ներկայիս սահմաններով, առանց Ղարաբաղի: Նախկինում Բաքուն հենվում էր Աստանայի վրա, որը մտադիր էր Մաքսային միությանը միանալիս Երևանին պարտադրել Ղարաբաղի վերաբերյալ «հատուկ պայմաններ»: 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը» Հայաստանը կստորագրի, բայց «հատուկ կարծիքով», քանի որ Աստանայի համար բաց է մնում, թե որտեղո՞վ պետք է անցնի ՄՄ սահմանը: Այժմ Աստանայի, ինչպես նաև Մոսկվայի ու Երևանի համար այդ սահմանը կարող է անցնել Հյուսիս-Հարավ գծով: Իսկ Ղազախստանը և Հայաստանը, սատարելով Ռուսաստանի ղրիմյան քաղաքականությանը, այժմ հանդես են գալիս ոչ միայն որպես առևտրա-տնտեսական, այլ նաև ռազմա-քաղաքական գործընկերներ:
«Իսկ եթե հանկարծ Ադրբեջանը գերադասի դեպի Մաքսային միություն «դրեյֆը», ինչը քիչ հավանական է, ապա Ղարաբաղի ապագա կարգավիճակի առումով կարող է առաջանալ նոր կոմբինացիա: Բայց ինչ էլ լինի, Անդրկովկասում մեկնարկում է դինամիկ գործընթացների արագացման նոր փուլը, որոնց հետևանքները հազիվ թե որևէ մեկը համարձակվի կանխատեսել: Ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի, այժմ բոլորի համար էլ եկել է պատմական ընտրություն կատարելու պահը»,-գրում է Տարասովը: