ԱՊՀ հիման վրա Մաքսային, Եվրասիական միության ինտեգրացիոն նախագծից Ռուսաստանի հրաժարվելու մասին առայժմ խոսք չի գնում: Մոսկվայի խնդիրն այն է, որ կորցնում է Ուկրաինային այդ նախագծերում: Այդպիսի կարծիք է հայտնել Ուկրաինական քաղաքականության ինստիտուտի գիտքարտուղար Ալեքսեյ Պոլտորակովը, առցանց հարցազրույցում պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության այն հարցին, թե արդյոք հետխորհրդային տարածքում ազդեցության փաստացի վերականգնման նախագծից Կրեմլի հրաժարվելը կխթանի ապաինտեգրման գործընթացները Ռուսաստանի տարածքում:
«Ղրիմը, որպես այդպիսին` դոտացիոն, խնդրահարույց և այլն, Ռուսաստանին հարկավոր չէ: Մոսկվային հարկավոր է Ուկրաինան կամ, առնվազն, նրա նկատմամբ լուրջ վերահսկողություն` ՆԱՏՕ-ից նրան հեռու պահելու և ԵՄ հետ ինտեգրումն արգելակելու տեսքով: Ռուսաստանի հետ մեր դիմակայությունում մեր փորձագիտական հանրությունն ի սկզբանե ակնկալում էր Արևմուտքի լուրջ աջակցությունը, նախևառաջ` տնտեսական և ուժային, սակայն բավականին արագ նրանից հիասթափվեց` ստանալով ակնկալվածից էապես պակաս», - ընդգծել է փորձագետը: Այդուհանդերձ, նրա կարծիքով, Ուկրաինայի հասարակության մեծ մասի ներքին հնամախմբումն ակնհայտ է: Ավելին, հենց դա է օգնում նորմայի սահմաններում պահպանել ներքին իրավիճակն Ուկրաինայում:
Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: