Այս գիշեր «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազը, ով մեծ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին էր:
Արա Շիրազը ծնվել է 1941 թվականի հունիսի 8-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Նրա գործերից են «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջին» (2008թ.) և այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, 1979թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում` ժողովրդական նկարչի կոչման: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչման: