Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի “Յունիբանկ” ՓԲԸ-ին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձարցման, առևտրի խթանման և հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է IFC մամուլի ծառայությունից, IFC-ն Յունիբանկին կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի առևտրի խթանմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին IFC-ն և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) Յունիբանկի հետ կնքեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է ՓՄՁ-ների երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ռկսերի կառավարման և ՓՄՁ-ների վարկավորման ուղղությամբ:
“Լրացուցիչ վարկային միջոցները հնարավորություն կտան բանկին վարկառուներին առաջարկել ավելի մատչելի պայմաններ և միջոցներÁ հասանելի դարձնել ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Այդ կերպ մենք ձգտում ենք դառնալ բիզնեսի համար առավել շահավետ գործընկեր և նպաստել դրա զարգացմանը, հատկապես շեշտը դնելով ՓՄՁ-ների առաջխաղացման վրա”, - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
“Իրենց ամենօրյա գործարքներն իրականացնելու համար նման կարճաժամկետ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները ներկրող և արտահանող ձեռնարկությունների համար հաճախ սահմանափակ են: Ծրագրի նպատակն է աջակցել տեղական ընկերություններին և դրական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության վրա”,- նշեց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Հայաստանը IFC անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: IFC-ն 287 մլն դոլար է ներդրել ֆինանսական, արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների 48 ծրագրերում:
Նշենք, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի:
“Յունիբանկ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 21.3 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 12.1 մլրդ.դրամ, ակտիվները` 154.2 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 115.6 մլրդ.դրամ : Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելը կազմել է 37.8 մլրդ.դրամ, տարեկան աճը` 36%, կազմելով վարկային ընդհանոր պորտֆելի 33%-ը : Բանկի շահույթը 2013-ին կազմել է 1.2 մլրդ.դրամ : Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը և մանրածախ բիզնեսը Յունիբանկի գործունեության գերակա ուղղություններն են: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկն ունի 46 մասնաճյուղեր և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի 100% սեփակատերն է հանդիսանում Ripatonso Holdings Limited օֆշորային ընկերությունը: