2014 թ. հունվարից Ուկրաինան նախագահում է ԱՊՀ-ում: Կիևի նախաձեռնությամբ մարտի 7-ին պետք է տեղի ունենար ԱՊՀ ԱԳՆԽ նիստը, սակայն նախատեսված միջոցառումը չկայացավ` ՙԱՊՀ ԱԳՆԽ անդամների խիտ ժամանակացույցի՚ հետևանքով: Կիևում իշխանափոխությունը և ոչ միանշանակ իրավիճակը Ղրիմում ինչպե՞ս կանդրադառնան այդ նախագահության հեռանկարների և ընդհանուր առմամբ ԱՊՀ հեռանկարների վրա:
90-ական թթ. երկրորդ կեսից ԱՊՀ զարգացումը շարունակվել է անբարենպաստ պայմաններում: Սկզբնական պատճառը ստացված ինքնիշխանությունից էյֆորիայի մեջ էր`ներքաղաքական խնդիրների ավելացման պայմաններում: Շատերն էին ցանկանում արագ արդյունք ստանալ ինտեգրացումից, սակայն ԱՊՀ շրջանակներում ստեղծված ինստիտուտները բավարար արդյունավետ չէին աշխատում: Այդ ամենը ոչ միայն խոչընդոտել է տնտեսական ինտեգրմանը, այլ նաև հանգեցրել Համագործակցության ներսում խորը ճգնաժամի, երբ ԱՊՀ գործունեության առանձին ուղղությունների անգործունությունն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում: Տնտեսական ինտեգրման անհաջողությունն էլ հանգեցրել է հետխորհրդային տարածքում ռազմաքաղաքական ոլորտում կենտրոնախույս միտումների, որոնք ուժեղացել են Արևմուտքի ազդեցության ներքո:
Այժմ ԱՊՀ և ՀԱՊԿ ռազմական կառույցները որոշ չափով կրկնորդում են միմիանց, մասնավորապես`ՀՕՊ ոլորտում: Հաշվի առնելով Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շարունակվող կողմնորոշումը դեպի Արևմուտք, ինչպես նաև Թուրքմենստանի չեզոք կարգավիճակի պահպանումը`ըստ երևույթին, պետք է սպասել ԱՊՀ ռազմական կառույցների թուլացում: Դրանց փոխարեն կգործեն ՀԱՊԿ և, հնարավոր է, ՆԱՏՕ-ի համանման կառույցները: Դա ռազմաքաղաքական առումով զգալիորեն կթուլացնի ԱՊՀ-ն:
Միաժամանակ նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծված`տնտեսության խնդիրներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունները միավորում են ԱՊՀ պետությունների առնվազն կեսը: Այսպիսով` տնտեսական և քաղաքական խնդիրների կարգավորման համար հարթակի պահպանման պահանջը չի վերանում: Այս առումով ԱՊՀ-ին փոխարինող դեռ չկա:
ԱՊՀ գործունեության վրա ինչպե՞ս կանդրադառնա ուկրաինական ճգնաժամը:
Ուկրաինայում առկա ճգնաժամն, անկասկած, հզոր հարված կհասցնի Անկախ պետությունների համագործակցությանը: Ամենայն հավանականությամբ, ԱՊՀ կպահպանվի, ինչպես և 2008 թվականի օգոստոսին Կովկասի պատերազմից հետո, սակայն լրջորեն կթուլանա: Դա կառնչվի, առաջին հերթին, ԱՊՀ ռազմական կառույցներին: Միանգամայն հնարավոր է, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը լիովին դուրս գա դրանցից, ինչպես նաև դադարեցնի ԱՊՀ անդամությունը` Վրաստանի օրինակով: Հետագայում շատ բան կախված կլինի Ուկրաինայի իրավիճակից: Եթե նրան հաջողվի, ինչը շատ քիչ է հավանական, լիովին վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, ընդհուպ` ՆԱՏՕ-ին անդամակցում, ապա Համագործակցությունն էապես կթուլանա ներսից: Սակայն, առավել հավանական է այն սցենարը, երբ Ղրիմը կդառնա փաստացի անկախ, ինչը կուղեկցվի Ուկրաինայի ապաինտեգրամբ` Կիևի կենտրոնական իշխանության չափազանց թուլացման դեպքում: Այդ պայմաններում ԱՊՀ-ն Ուկրաինայի կամ նրա առանձին շրջանների համար դարձյալ կարող է սկսել դրական դեր խաղալ որպես գործոն, որը խոչընդոտում է երկրի լիակատար ապաինտեգրմանն ու փլուզմանը: Կասկածում եմ ԱՊՀ-ում իր նախագահությունն արդյունավետ օգտագործելու Ուկրաինայի ունակությանը: Այժմ Կիևին, ակնհայտորեն, դա չի մտահոգում: Իսկ Ուկրաինայի նոր ղեկավարությունն առավելապես մտահոգված է, այսպես կոչված, ներքին անջատականության և սեփական լեգիտիմության հաստատման խնդիրներով: Թեև չի բացառվում, որ Կիևը փորձի ԱՊՀ հարթակն օգտագործել ուկրաինական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը քննադատելու համար:
Ձեր կարծիքով, այսօր իրականում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Ուկրաինայի շուրջ:
Ուկրաինայում Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին սիրիական, իրանական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի կարգավորման հարցում չափազանց ինքնուրույն քաղաքականության համար: Իրականում Ուկրաինայի շահերը քչերին են հուզում: Վերջինիս օգտագործում են ընդամենը որպես ՌԴ նկատմամբ ճնշման գործիք: Չէ որ Կիևին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում, և ոչ ոք չի պատրաստվում իր սահմանները բացել ուկրաինացիների համար: Քաղաքական տեսակետից Արևմուտքի համար ավելի ձեռնտու է տնտեսական քաոսը և անիշխանությունն այնտեղ, քանի որ դա խնդիրներ կստեղծի մերձակա ռուսական տարածքների համար: Այս առումով շատ մարդկանց, ովքեր այդքան ցանկանում էին Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումը, խորը հիասթափություն է սպասում:
Ի տարբերություն Արևմուտքի` Ռուսաստանը չէր պատրաստվում ակտիվորեն միջամտել Ուկրաինայի գործերին: Բայց Ռուսաստանին այնպիսի պայմաններում են դրել, երբ արդեն չէր կարող չարձագանքել: Իհարկե, կարելի է դատապարտել Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ օգտագործման վերաբերյալ Դաշնության խորհրդի որոշումը կամ Վլադիմիր Պուտինի ինչ-որ որոշումներ, բայց դրանք պայմանավորված են իրավիճակով, որոնք Արևմուտքը գիտակցաբար ստեղծել է: Իհարկե, Ուկրաինայում ամեն բան չի ընթացել այնպես, ինչպես ակնկալում էին Արևմուտքում` ձգտելով Կիևում հաստատել իրենց կողմից ամբողջովին վերահսկվող կառավարություն, սահմանափակել Մաքսային միության ընդլայնումը և անկայունություն ստեղծել ռուսական տարածքների մոտ: Սակայն, Արևմուտքը սխալ հաշվարկ է կատարել`մտածելով, թե Մոսկվան ոչ մի կերպ չի արձագանքի դրան: Այնտեղ գերագնահատել են սեփական քաղաքական և տնտեսական հնարավորությունները, հաշվի չեն առել ԵՄ տնտեսությունում ՌԴ խորը ներգրավվածությունը և ռուսամետ լուրջ տրամադրությունները Ուկրաինայի արևելքում ու հարավում: Հաշվի չեն առել, որ 2013 թ. Ռուսաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը եվրոպական պետությունների հետ կազմել է $380 մլրդ: Արդյունքում սկսվել է Ուկրաինայի`որպես միասնական պետություն, փլուզման գործընթացը:
Ի տարբերություն ԱՄՆ-ի`Եվրոպան, կարծես, այնքան էլ չի աջակցում Կիևի նոր իշխանությանը…
Ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակի, Կատարից հեղուկ գազի օգտագործման անբավարար ենթակառուցվածքի բացակայության և թույլ ԶՈւ պայմաններում Բեռլինը, նույնիսկ ամերիկամետ կանցլեր Անգելա Մերկելի պարագայում, չի կարող դեմ գնալ սեփական շահերին`իրական առճակատման մեջ մտնելով Մոսկվայի հետ:
Իհարկե, դա չի բացառում առնվազն 2013 թ. դեկտեմբերից Գերմանիայի կողմից տեղեկատվական պատերազմ վարելը, մոտ ժամանակներս տրամադրվող վիզաների սահմանափակումները կամ քաղաքական ու մշակութայիմն շփումների որոշակի կրճատումը, ինչպես նաև ՌԴ և Եվրոպայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ քննարկումների դադարեցումը: Սակայն, Բեռլինում շատ լավ հասկանում են, որ իրենց համար Մոսկվան այլընտրանք չունի: Հետևաբար`հարկավոր է պայմանավորվել:Նման իրավիճակում է գտնվում Ֆրանսիան, որի ընկերությունները ՌԴ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր են իրականացնում: Իսկ Լոնդոնյան բորսայում տեղաբաշխված են ռուսական արժեթղթերը, որոնց դուրս բերումը Մեծ Բրիտանիայից կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ֆոնդային շուկայում: Ելնելով դրանից`ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին ավելի շատ խոսում են այն երկրները, որոնք Մոսկվայի հետ զգալի ապրանքաշրջանառություն չունեն, օրինակ`ԱՄՆ-ն: 2013 թ. ռուս-ամերիկյան ապրանքաշրջանառությունը կազմել է $38 մլրդ: Մեր երկրների համար նույնիսկ դրա լրիվ դադարեցումը, ինչը գործնականում անհնար է, կրիտիկական չէ: Ըստ որում, Մոսկվան դրական սալդո ունի նման ապրանքաշրջանառությունից, մեր ներմուծումը կազմել է $11 մլրդ, այդ պատճառով առևտրի կրճատումն ավելի շատ վնաս կհասցնի ամերիկացիներին: Ըստ որում, պետք չէ մոռանալ բազմաթիվ ԱԷԿ-երի, հրթիռային շարժիչների համար ցածր հարստացված ուրանի և որոշ այլ ապրանքների ռուսական մատակարարումներից ԱՄՆ կախվածության մասին: Փոխարենը եվրոպական ընկերությունները հաճույքով կզբաղեցնեն իրենց ամերիկացի գործընկերների տեղը ռուսական ներքին շուկայում:
Հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայում իրադարձությունների ռազմական սցենարով զարգացումը, թե՞ աշխարհաքաղաքական դիմակայությունն, այնուամենայնիվ, կավարտվի նոր պայմանավորվածություններով, որոնք նոր ստատուս-քվո կստեղծեն աշխարհակարգում:
Ռուսաստանի և Ուկրաինայի ԶՈւ, ՌԴ և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի կամ Դաշինքի առանձին պետությունների միջև որևէ պատերազմ չի կարող լինել: Որպես ռազմական փորձագետ` բացառում եմ Ուկրաինայում իրադարձությունների ռազմական սցենարով զարգացումը Բրյուսելի չմիջամտելու հիմնական պատճառն այն է, որ սովորական սպառազինությունների ոլորտում ՆԱՏՕ-ի գերազանցության պայմաններում Մոսկվան ստիպված կլինի դիմել տակտիկական միջուկային զենքի օգտագործմանը: Դա ոչ ոք թույլ չի տա: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերն ամբողջովին բարոյալքված են: Երկիրն այսօր չի կարող ո’չ մոբիլիզացնել, ո’չ զինել բնակչությանը: Այս պայմաներում Արևմուտքի համար ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռուսաստանի հետ պայմանավորվելն է: Ուկրաինական ճգնաժամի կարգավորումն աշխարհակարգում նոր ստատուս-քվոյի ստեղծման չի հանգեցնի, սակայն, դա սկզբունքորեն կփոխի Ռուսաստանի դերը, որի հետ վերջապես կսկսեն հաշվի նստել համաշխարհային և տարածաշրջանային խնդիրները կարգավորելիս:
Կարծու՞մ եք արդյոք, որ հետխորհրդային տարածությունում ազդեցության փաստացի վերականգնմանն ուղղված նախագծից Մոսկվայի հրաժարումը ռուսական տարածքում արևմտյան և թուրքական ապաինտեգրացիոն նախագծերի իրականացման խթան կհանդիսանա:
Ուկրաինայում արևմտյան նախագիծն իրականացնել փորձող ուժերի հիմնական նպատակն է` խոչընդոտել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ցանկացած ինտեգրացիոն նախագծի: Դա սխալ և քաղաքականապես անհեռատես դիրքորոշում է: Այն հիմնված չէ իրավիճակի իրական գնահատման և Արևմուտքի ռեսուրսները հաշվի առնելու վրա: ԵՄ և ստեղծվող Եվրասիական միության միջև փոխգործակցություն հաստատելու փոխարեն ամեն կերպ հակազդելու խնդիր է դրվում: Ըստ որում, շատ է խոսվում Ռուսաստանի կայսերական հավակնությունների մասին, բայց ոչինչ չի ասվում Արևմուտքի դիկտատի մասին:
Հաշվի առնելով դա` Մոսկվան շարունակելու է հետխորհրդային տարածքում իրականացնել սեփական ինտեգրացիոն նախագծերը: Իհարկե, Արևմուտքի հակազդեցության պայմաններում դրա համար ավելի շատ ռեսուրսներ կպահանջվի: Այնուամենայնիվ, այդ նպատակն իրագործելի է, թեև այն կարող է պահանջել քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական համագործակցության ընդլայնում ինչպես Չինաստանի, այնպես էլ Իրանի և մի շարք այլ տարածաշրջանային խաղացողների հետ: