Միջադեպը, որի հետևանքով դանակահարվել է N67 երթուղային տաքսիի վարորդը, սադրանք է:
Ինչպես ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտ՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին պատմել են միջադեպի ականատեսները, վարորդին դանակահարել է մոտ 50 տարեկան տղամարդ: Ականատեսի խոսքով, նա վճարել է 100 դրամ, վարորդը նորմալ է ընդունել դա, սակայն ուղևորն սկսել է վիրավորել վերջինիս և կռիվ հրահրել: Վարորդը կոչ է արել նրան հեռանալ ու նստել ավտոմեքենան, սակայն տղամարդը մոտեցել է նրան և դանակով վնասել ձախ ձեռքը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ոստիկանությունում, ներկայումս վարորդը գտնվում է հիվանդանոցում, միջադեպի հանգամանքները պարզվում են: Դանակահարվածը 1980 թ. ծնված Ալեքսան Ղազարյանն է, ում ներկայումս վիրահատում են ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում:
Նշենք, որ հուլիսի 20-ից տրանսպորտային միջոցների վարորդների և ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստների միջև բազմաթիվ ընդհարումներ են տեղի ունեցել, մասնավորապես`վարորդներն անպարկեշտ արտահայտություններ են արել նրանց հասցեին, ովքեր հրաժարվել են 150 դրամ վճարել, երբեմն նույնիսկ կոշտ միջոցների են դիմել և փորձել գործիքներով հարվածել ուղևորներին: Իսկ վարորդները գանգատվում, են, որ ստեղծված իրավիճակի պատճառով նրանց նյարդերը տեղի են տալիս, ինչի հետևանքով կարող են վթարներ տեղի ունենալ: Այսպես`այսօր N22 երթուղային տաքսիի վարորդներից մեկը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել: