Արմինֆո. «ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ ակնհայտ էր»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը»: Քոչարյանի կարծիքով, Լավրովի կողմից Ղարաբաղի վերաբերյալ նման պատասխանի է հանգեցրել ադրբեջանցի լրագրողի լկտի հարցը: Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սովորաբար հանդես են գալիս բավական զուսպ հայտարարություններով: «Տվյալ դեպքում լրագրողի անպարկեշտ հայտարարությունը հանգեցրել է այն բանին, որ Լավրովը բացահայտել է ակնհայտը»,- հայտարարել է նա: Միաժամանակ Քոչարյանը նշել է, որ մինչ օրս Մինսկի խումբը հավասարության նշան է դնում Երևանի և Բաքվի միջև, ինչն ալիևյան ռեժիմին դրդում է ավելի ագրեսիվ գործողությունների:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մոսկվայում ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի ամբողջ գործիքակազմ, նախևառաջ, այն որոշումները, որոնք կայացվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: «Այն ժամանակվանից ի վեր ուժի մեջ է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, սակայն ոչ մի դեպքում` ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում», - նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: «Ինչ վերաբերում է խաղաղարար գործընթացին, ապա բանակցային գործընթացը միջազգային հարթակ է՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա հարցի կարգավորման համար: Հակամարտության կարգավորման հետ կապված կան միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,- նշել է դիվանագետը:
↧