Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ազգ-բանակ հայեցակարգի փոխարեն Իսրայելից վերցնել «Աշխարհն այսօր» (Peace now) հայեցակարգը: Այս մասին նա հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի 2-րդ համագումարում:
Անդրադառնալով «ազգ-բանակ» ձևավորելու մտահղացմանը, նա նշել է, որ այն ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը:
Այս առումով նա, մասնավորապես, նշել է. «Դրա համար, սակայն, նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում և Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջնադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմանականորեն։ Երևույթի մասին տարրական պատկերացում կազմելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրադառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։
XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղերին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակարգը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհազարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրության գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրելով Խաղաղ օվկիանոսից մինչև Լեհաստան ու Անատոլիա ընկած և իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյատևեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձևավորելու անկարողության և գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոքրաքանակության պատճառով։
Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձևավորման հաջորդ հաջողված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետապնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղոլականից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվաճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացիների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատևումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրանսա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտների ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնության ձևավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթացքում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարևանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի շարունակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփական ուժերին և մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեև վերջին 200 տարիներին Շվեյցարիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, և ևրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգածության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծառայողի, կամավորի և պահեստազորայինի հանգամանքով ներգրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։
Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասնորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդապատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թելադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի անվտանգությունն ու պետության գոյատևումն ապահովելու միևնույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձևի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլոմետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձևը և Պաղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստինցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել ՄԱԿ-ի բանաձևին և հաջորդ օրն իսկ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարևան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին և հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաև հետագա պատերազմներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն արմատապես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համաձայնագրերի ստորագրումից և Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաև Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտության գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության և երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաստել է նաև ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդհանուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազգի ձևավորման, գիտության և տեխնիկական մտքի սրընթաց զարգացման, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական համալիրում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժերի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաև այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց վրա և, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։
Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետևյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, և որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրադառնանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բերվող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախությունից ի վեր անշեղորեն աճել և 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդհատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որևէ միտում չի դրսևորում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է և ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որևէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երևում։ Դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծվում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման և Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ և գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջև։ Նյութական ռեսուրսների առումով ևս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, և երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների և հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսատար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանակի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյուջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։
Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տեսանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի և ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջավայրում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետականության գոյատևումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արևմտյան Հայաստանն ազատագրելու և ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատևման անհրաժեշտությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետև միջնադարն ավարտվել է, և պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։
Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տևական առճակատման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողությունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձևին և Իսրայելի անկախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարեցին վերջինիս։ Իսրայելին, հետևաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին և ձեռնամուխ լինել «ազգ-բանակի» կառուցման գործին։ Այսինքն Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պարտադրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական և իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդպես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ինչը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վերջինիս համար։
Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առկայության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթանալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարևաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության և աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլև խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պատերազմներ է մղել իր չորս հարևանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդային հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահմանային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարևաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով, իմիջիայլոց, տեղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլև Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարևաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարևոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որևէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել և ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի ևս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը։
Ինչևիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին և այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետևաբար, մեր երկիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենևին պարտադրված չէ հետևելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրինակին։ Արաբական և իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունեցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաև մի այլ՝ մեթոդաբանական առումով։
Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։
Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջև դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, և այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև նախորդ փուչիկների պես շուտով կպայթի»,-նշել է առաջին նախագահը։
↧