Արմինֆո. ՀՀ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում ապօրինի հարստացման քրեականացման մասին փոփոխությունները հանդիսանում են կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի վերջին օղակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, այդ փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ գործարքների սահմանափակումը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված համակարգային բարեփոխումների մաս են կազմում: Նա ընդգծել է, որ փետրվարին խորհրդարանին կներկայացվի բարեփոխումների փաթեթ, որն արդեն կնախանշի պաշտոնյայի հետ փոխկապակցված անձերի ողջ շրջանակը, պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմնի պարտականությունների և լիազորությունների ողջ շրջանակը, որը կգործի Էթիկայի հանձնաժողովի հիման վրա: Հովհաննիսյանը չի համաձայնել կարծիքին, որ Էթիկայի հանձնաժողովն իր ողջ գործունեության ընթացքում ոչնչով չի զբաղվել և անիմաստ էր: «Այդ հանձնաժողովը կատարել է իր աշխատանքն իրեն տրամադրված մեխանիզմների շրջանակներում, որոնք անբավարար էին»,- նշել է նախարարը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ հանձնաժողովի փորձը դրական կանդրադառնա կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի գործունեության վրա:
«Խոսել այն մասին, որ ապօրինի հարստացման քրեականացումը կարող է ուժի մեջ մտնել վաղվանից, անիմաստ է, քանի որ անհրաժեշտ է ձևավորել մարմին, որը կզբաղվի նման հարցերով, պատասխանատվության ենթարկման մեխանիզմներով օժտել վերջինիս, իսկ դա հնարավոր է անել հունիսի 1-ից ոչ շուտ: Նա չի համաձայնել նաև այն կարծիքին, որ օրենքը հեշտ է շրջանցել, քանի որ այն ֆիկտիվ բնույթ կունենա: «Կա կոռուպցիոն հանցագործություն, արդյոք բավարար են պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները՝դժվար է ասել, սակայն ապօրինի հարստացման քրեականացումը կարող է կանխարգելիչ միջոց հանդիսանալ»,- նշել է նա: Ըստ որում, նախարարն ավելացրել է, որ կոռուպցիայի ոմ պայքարի կոշտ միջոցներից բացի, կա նաև կանխարգելման անհրաժեշտություն: «Հիշյալ օրինագծով հնարավորություն կընձեռվի լիազոր մարմնին ստուգելու փոխառություն տվող կամ նվիրաբերող անձանց ֆինանսական հնարավորությունները»,- նշել է Հովհաննիսյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունած Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։ Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի վերլուծությունը հանգում է, մասնավորապես, հետևյալին. ապօրինի հարստանալը հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը): Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և գույքի բռնագրավումը: Մասնավորապես, ելնելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաների ընդհանուր տրամաբանությունից, առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով: Օրենսդրորեն թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսևորումներն են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Քննարկվող հանցակազմում էական չափը հստակեցնելու համար սահմանվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
↧