«Ընդդիմության կողմից հնչեցված քննադատությունը և իմ հասցեին ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»,-այսօր ՀՀ խորհրդարանում այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով «Նաիրիտի» շուրջ առաջացած իրավիճակը:
Նրա խոսքերով, Չինաստանի հետ պայմանագիրը հավանության է արժանացել 2000 թվականին, իսկ բանակցություններն սկսվել էին 1999 թվականին, պայմանագիրը կնքվել է 2002 թվականին, իսկ հոսքագիծը Չինաստանից բերվել է 2005 թվականին: «Հասկանալի է, որ ես չէի կարող մասնակցել այդ գործընթացներին: Իսկ իմ եղբայրը` Արմեն Սարգսյանն այդ ժամանակ եղել է ԱՄՆ-ում, որպես ռազմական կցորդ, իսկ Չինաստանում դեսպան է նշանակվել 2008 թվականին: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ է ընդդիմություն իր գնահատականներում սխալվում»,-հայտարարել է վարչապետը:
Միաժամանակ նա նշել է, որ հանդես է գալիս «Նաիրիտ» գործարանի գծով հանձնաժողով ստեղծելու օգտին: «Կարծում եմ, որ «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունների ավարտից հետո հստակ պատկերացում կարող ենք կազմել ներդրումների մասին, հետևաբար, մենք հարմար պահի էլ կդիմենք խորհրդարանին, որպեսզի ստեղծվի այդպիսի կառույց»,-եզրափակել է վարչապետը: