Արմինֆո. Որևէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, անդրադառնալով Россия сегодня լրատվական գործակալության հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը:
«Россия сегодня լրատվական գործակալության հետ հարցազրույցում չի ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հակամարտության փաթեթային կարգավորման բոլոր դրույթները, որոնք, նրանց կարծիքով, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում»,-ընդգծել է մամուլի քարտուղարը: Ըստ Հակոբյանի, նախագահը նշել է, որ այդ փաստաթղթի առաջին կետով ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հղում կատարելով Սարգսյանի ելույթին ՀՀԿ 16-րդ համագումարում, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ փաստաթղթի մյուս բոլոր կետերն «ածանցյալ են»: «Մնացած հարցերը տրամաբանորեն և արդարացի կլուծվեն կարգավորման գործընթացին զուհահեռ: Քանի դեռ կա այդ հիմնական հարցը, և քանի դեռ հայտնի չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ոչ մի այլ հարց չի կարող լուծվել»,-ցիտել է նախագահին Հակոբյանը:
Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ առաջարկած փաթեթն արձանագրում է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: «Այս հարցը բազմիցս բարձրացվել է Հայաստանի և համանախագահների կողմից: Անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ընդ որում, խոսքը չի գնում միայն Արցախը Հայաստանին կապող ցամաքային ճանապարհի մասին, այլ այնպիսի անվտանգ և կայուն կապի մասին, որն ամբողջովին պաշտպանված կլինի Ադրբեջանի ցանկացած ոտնձգությունից, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Հաշվի առնելով Ղարաբաղի ժողովրդին ներկայումս սպառնացող շարունակական և անմիջական վտանգը, շրջակա շրջանների ներկայիս կարգավիճակը, որոնք հանդիսանում են անվտանգության գոտի, ավելի քան արդարացված է», - ընդգծել է նա:
Նշենք, որ «Россия сегодня լրատվական գործակալության հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2011 թվականինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կարծես հասել էին եզրագծին և պատրաստ էին ստորագրել փաստաթուղթը: Բայց Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այն: «Մենք հանդիպեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով: Մասնավորապես, հայկական կողմերը, այսինքն Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը թողնում են այն տարածքները, որոնց այժմ զբաղեցված են որպես ապահովության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են օկուպացված: Բայց այտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքի արտահայտության միջոցով: Այդ ազատ կամքի արտահայտույթունն ունի պարտադիր իրավական ուժ, իսկ հետո գրված էր, թե ով է մասնակցում, ինչպսին է օրակարգը: Այսինքն` հանրաքվե: Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր: Բայց ադրբեջանական կողմն ամեն անգամ ներկայացնում է նոր պահանջներ», - ընդգծել է նա:
↧