Աջակցել ԼՂՀ-ին` նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղության ամրապնդմանը, Le Monde թերթում իրենց հոդվածում գրում են Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն, Գի Տեսիեն:
Հեղինակները նշում են, շուտով կլրանա ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20 տարին, և ըստ էության հակագաղութային պատերազմի հետևանքով ծնվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած մի նոր պետություն: ՙՔսան տարին մի ողջ սերունդ է, ադրբեջանցիների և ղարաբաղցիների սերունդ, ովքեր պետք է ապրեին խաղաղության մեջ և որոնց անվիճարկելի իրավունքները պետք է ճանաչված լինեին, ցավոք, ստիպված են ապրել անկայունության պայմաններում, քանի որ չնայած այն բանին, որ պատերազմն ավարտված է` խաղաղությունը դեռ պետք է ձեռք բերել: Փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաղթի և կողմերի միջև ուղիղ երկխոսության բացակայության պայմաններում Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը զրկված են բնականոն ու խաղաղ զարգացման հնարավորությունից: Անհրաժեշտ է ձեռք բերել խաղաղությունը, ինչն առաջին հերթին նշանակում է`ճանաչել իրական փաստերը և գիտակցված գնալ թափանցիկ երկխոսության, ինչը թույլ կտա շտկել նախկին սխալները՚,-նշում են հոդվածի հեղինակները:
Հեղինակները կողմերին կոչ են արել իրատեսություն դրսևորել, քանի որ, նրանց համոզմամբ, ո’չ սպառնալիքները, ո’չ ռազմատենչ հռետորաբանությունը, ո’չ պատերազմական գործողությունները չեն համոզի Լեռնային Ղարաբաղին վերադառնալ Ադրբեջանի ՙգիրկը՚:
Ըստ որում, նրանք ավելացնում են, որ քսան տարի շարունակ գրեթե ամեն ամիս կրկնվում են սադրանքները շփման գծում, ինչը հանգեցնում է Ղարաբաղում նոր զոհերի, և որոնք համարժեք պատասխան են ստանում: Նման գործողություններն ամեն օր ավելի են հեռացնում կողմերի խաղաղ գոյակցության հեռանկարը: