Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։
Նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Քննարկվել են հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել հրատապ միջազգային հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
↧