Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով
Նաև հաղորդվում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
↧