ՀՀ ԱԺ նիստի ընթացքում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել է ընդլայնել հաշվիչ հանձնաժողովի կազմը մինչև 11 մարդ`ներկայիս յոթի փոխարեն: Ըստ որում, առաջարկվել է հանձնաժողովում 5 տեղ հատկացնել ՀՀԿ-ին, 2-ը`ԲՀԿ-ին, և մեկական տեղ`մնացած բոլոր խմբակցություններին: Սահակյանի խոսքով, ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ օրենքը նման փոփոխություններ թույլ է տալիս:
Սակայն, առաջարկը հարուցել է խորհրդարանի ոչ կառավարական ուժերի բողոքը: ՀՅԴ ներկայացուցիչները շտապել են հայտարարել, որ եթե մեծամասնությունն անցկացնի այդ որոշումը, դա կխախտի հանձնաժողովում խորհրդարանական ուժերի ներկայացվածության հարաբերակցությունը: Դաշնակցականները պահանջել են ներկայացնել առաջարկի նախագիծը, որպեսզի բոլորը հնարավորություն ունեն իրեն տեսակետն արտահայտել: ՀԱԿ-ը հայտարարել է, որ նման որոշում ընդունելու դեպքում խմբակցությունը կհրաժարվի մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչներն առաջարկը քվեարկության արդյունքներն անարգել հաստատելու հնարավորություն ապահովելու ձգտում են համարել: ԲՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այդ առաջարկը համարել է մեծամասնության կողմից այն փաստի ընդունում, որ գազային համաձայնագրերի առնչությամբ քվեարկության ընթացքում հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը չի համապատասխանել սահմանված կարգին, այդ պատճառով քվեարկությունը չի կարող իրավական հիմք ծառայել, և հարկավոր է համարել, որ արձանագրությունները չեն վավերացվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի քվեարկության ընթացքում ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հաջողվել է գողանալ մի շարք իշխանամետ պատգամավորների քվեարկության քարտերը, ինչի արդյունքում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահնամյանն ստիպված է եղել ձեռքով քվեարկություն անցկացնել, ինչից հետո ոչ կառավարական ուժերը հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին, իսկ այնուհետև հանդես են եկել հայտարարությամբ, որ համաձայնագրերի առնչությամբ քվեարկության արդյունքները չեն կարող օրինական համարվել, քանի որ հաշվիչ հանձնաժողովի ոչ կառավարական անդամները չեն մասնակցել ձայների հաշվմանը: