Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաձարձի հարցում «ուժեղ սիգնալները» կարող են լինել միայն այն դեպքում, երբ Բաքուն կճանաչի Արցախի անկախությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինի հայտարարությանն այն մասին, որ «հայկական կողմից տարածքների հանձնման հարցում կան «ուժեղ սիգնալներ»:
Շարմազանովը նաև նշել է, որ տարածքների վերադարձի մասին խոսելու համար առաջին հերթին խոսքը պետք է գնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գետաշեն, Մարտունաշեն և Արծվաշեն գյուղերի վերադարձի մասին: «Եվ երկրորդ, Թուրքիան չէ, որ պետք է խոսի օտար տարածքների վերադարձի մասին, թող առաջին հերթին ինքն ազատի Հյուսիսային Կիպրոսը»,-նշել է փոխխոսնակը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, մասնավորապես, հայտարարել էր. «Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատելուց հետո գործընթացները կունենան ավելի դրական բնույթ: Ներկա պահին այդ ուղղությամբ կան ուժեղ սիգնալներ: Եթե դրանք իրականացվեն, ապա կթեթևանա Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերոթյունների ողջ սպեկտրը»,-նշել էր Կալինը: