ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում օբյեկտիվ և արդարացի է գնահատել Հայաստանում տիրող իրավիճակը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ԲՀԿ-ից նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Այդ գնահատականը, իհարկե, նորություն չէ, բայց քանի որ իրենից հնչեց առաջին անգամ, ապա այդ քննադատությունն ավելի արժեքավոր է: Կառավարությունը պետք է լրջորեն մտորի իր հետագա անելիքների մասին»,-նշել է նա: Միաժամանակ Բոստանջյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության հասցեին Քոչարյանի քննադատություննեն արդյոք հանդիսանում են մեծ քաղաքականության վերադառնալու մտադրություն: «Քոչարյանը շատ լուրջ անձ է, և եթե նա ցանկանա այդ անել, ապա չի ակնարկի, այլ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-նշել է Բոստանջյանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ կառավարության գործունեությունը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արել նախորդներին քննադատելու փոխարեն աշխատել: