Անհնազանդության քաղաքացիական ակցիային մասնակցելու նպատակով Խորենացի փողոց եկած Դավիթ Սանասարյանը պատմել է իրեն ծեծի ենթարկելու մանրամասները:
Նրա խոսքով, մեքենայում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրեն և մյուս երկու բերման ենթարկվածներին՝ Անդրանիկ Ասլանյանին և Արթուր Սարգսյանին, հայհոյել իրենց: ՙՇուրջ 15 անգամ հարվածել են գլխիս, ինչի հետևանքով ուղեղի ցնցում եմ ստացել: Իսկ երբ հասանք ոստիկանության բաժին, ոտքերիցս քարշ տալով իջեցրեցին մեքենայից, իսկ ոստիկաններից մեկը ոտքով հարվածեց գլխիս՚,- ասել է Սանասարյանը՝ ավելացնելով, որ ոստիկաններից մեկը, օգտվելով իր անօգնական վիճակից, նույնիսկ թքել է իր վրա, փորձել ստիպել համբուրել իր կոշիկները: Նա նաև հայտնել է, որ ոստիկանները բոլոր բերման ենթարկվածներին ասել են, որ այսուհետ առաջվա պես չի լինի. անցել են Վլադիմիր Գասպարյանի թատերական արվեստի ժամանակները:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն ակտիվիստների պատմածների հիման վրա դիմել է քննչական մարմիններին: Մինչդեռ, Ոստիկանությունը հերքում է բոլոր այս հայտարարությունները: