Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շարժական երկրորդ կլինիկայի շնորհիվ այսուհետև մարզերում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություններն առավել հասանելի կդառնան

$
0
0

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում բացվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ծրագրերին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում նվիրաբերված երկրորդ շարժական կլինիկան։

 

Այս կլինիկայի շահագործումով  ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայություններն էլ ավելի կմոտեցվեն դրանց կարիքն ունեցողներին` մեծացնելով հետազոտության և խորհրդատվության հասանելիությունը: Կլինիկան ձեռք էր բերվել մարտի վերջին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի շրջանակներում։  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն առաջինը անցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:  

 

Հատուկ սարքավորված կլինիկան նախատեսված է կլիմայական և աշխարհագրական ցանկացած պայմաններում հեռավոր և դժվար հասանելի շրջանների բնակչությանը բժշկական ծառայություններ տրամադրելու համար։ Այն միաժամանակ ապահովում է բարձր հարմարավետություն։

 

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությանն առաջին շարժական բուժախտորոշիչ կլինիկան Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում նվիրաբերվել էր 2014թ.:

 

«Երկու տարի է, ինչ Հայաստանում աշխատում է առաջին շարժական  կլինիկան, որի  շնորհիվ մեզ հաջողվել է բավականին առաջ գնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում՚,-  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա ընդգծել է, որ կլինիկայի գործունեության շնորհիվ հնարավոր եղավ անգամ հեռավոր մարզերում  հասանելի դարձնել   ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակը պարզելու  անվճար հետազոտությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, գործընկեր կառույցներին Հայաստանին շարժական երկրորդ կլինիկան նվիրելու համար:

 

«Մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում, ես հույս ունեմ, որ առաջիկայում նոր ծրագրեր կլինեն, որոնք համատեղ կիրականացվեն ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի բնակչությանե,- ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

 

«ՍՊԻԴ ինֆոսվյազե հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան էլ փաստել է, որ առաջին շարժական կլինիկան  շուրջ երկամյա գործունեության շնորհիվ կարողացել է բավականին լավ արդյունքներ գրանցել մեր երկրում:

 

Հայաստանի նվիրաբերված առաջին կլինիկայի արդյունքների վերաբերյալ ելույթ են ունեցել  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նա նշել է, որ շարժական կլինիկայի բազայի վրա ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչությանը` մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքների անդամներին անվճար հիմունքներով տրամադրվում են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ` պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: Կլինիկայի շահագործումով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է դարձել հեռավոր մարզերում, այն գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում, որտեղ դեռևս ցածր է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը:

 

Կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում։ Դրա շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը դարձել է տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը` հնարավորություն տալով հաղթահարելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ:

 

Շարժական կլինիկայում տրամադրվող ծառայությունների թվում են` ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունը: Ցանկացողներին և ցուցում ունեցողներին հնարավորություն է տրվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում անցնելու այլ սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ: Դրանք կատարվում են արագ թեստավորման մեթոդով։ Արյունը վերցվում է մատից, իսկ հետազոտության արդյունքները տրամադրվում են 10-15 րոպեի ընթացքում: Շարժական կլինիկայի բազայի վրա իրականացվում են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

 

Շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալիորեն ավելացել է հետազոտվողների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Շահագործման 5 եռամսյակների ընթացքում կլինիկան աշխատել է հանրապետության 60 գյուղական և քաղաքային համայնքներում` կատարելով շուրջ 200 այց, որոնց ընթացքում միգրանտների, նրանց զուգընկերների և համայնքային բնակիչների շրջանում իրականացվել է 4.575 հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ, կատարվել է մոտ 2.500 ուլտրաձայնային հետազոտություն: 

 

Շարժական կլինիկայի հնարավորություններն օգտագործվում են նաև հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն է: Թեստավորման եվրոպական շաբաթվա, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվա շրջանակներում Երևանում և մարզերում անցկացված հանրային տարբեր միջոցառումների ընթացքում շարժական կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն է անցել 1.700 մարդ: Ընդհանուր առմամբ, կլինիկայում հետազոտվել է ավելի քան 6.000 մարդ: 

 

Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 40 հազար աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքային բնակիչ: ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություններ է անցել մոտ 24 հազար մարդ: Հետազոտվածներից մի քանի տասնյակի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ, նրանք վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ։ ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած մեկ հղի կնոջ տրամադրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում:

 

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ մասնագետներ պարգևատրվել են պատվոգրով` վերջերս Նյու Յորքում կայացած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի արժանացնելու գործում ունեցած ներդրման համար: Առողջապահական համակարգին միջազգային ճանաչում և համբավ բերելու, ինչպես նաև երկարամյա  գործունեության համար  նախարարության հուշամեդալի է արժանացել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles